Մատչելիության հղումներ

Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցավ հետպատերազմյան վերականգնման գործընթացի շրջանակներում Իրաքում իրենց առաքելությունն ավարտած հայ խաղաղապահների դիմավորման հանդիսավոր արարողությունը:

Թեեւ Ազգային Ժողովը ընդունել էր «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրին միանալու ժամկետը երկարաձգելու մասին Հայաստանի նախագահի առաջարկը, համաձայն որի հայկական խաղաղապահները պետք է առաքելություն իրականացնեին Իրաքում մինչեւ 2009 թվականի հունվարը, խաղաղապահները, փաստորեն, այդ ժամկետից շուտ վերադարձան:

«Քանի որ արդեն Իրաքում խաղաղապահ գործունեության անհրաժեշտությունը աստիճանաբար քչանում է, այսինքն` քաղաքական ռեալ իրավիճակը գտնվում է այսօր տվյալ պետության պետական կառույցների հսկողության ներքո, բնականաբար, այսօր խաղաղապահ գործունեության մեր բաժին մարտական խնդիրը համարվում է կատարված», - մեկնաբանեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը` հավելելով. - «Մեր զորախումբը պատվով կատարելով իր առջեւ դրված մարտական խնդիրը, հայրենիք է վերադարձել»:

Հայ խաղաղապահների առաջին զորախումբը Իրաք է մեկնել 2005 թվականի հունվարին` միանալով Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիոն ուժերին: Հայկական զորախումբը խաղաղապահ առաքելությունն իրականացնել է լեհական հրամկազմի ենթակայության ներքո:

46-հոգանոց գումարտակի կազմում բժիշկներ էին, վարորդներ ու սակրավորներ: Խաղաղապահ առաքելության ամբողջ ընթացքում զոհեր չեն եղել, ծանր վիրավորվել է միայն սպա Գեորգի Նալբանդյանը, ով, այդուհանդերձ, ոտքի անդամահատությունից հետո, շարունակում է ծառայությունը խաղաղապահ բրիգադայում:

2004 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նստաշրջանի փակ նիստում քվեարկությամբ հավանության արժանացրեց Իրաք հայկական զորախումբ ուղարկելու որոշումը: Այն ժամանակ «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման հարցերի կարգավորման մասին» փոխընբռնման հուշագրին Հայաստանի միանալուն դեմ էին քվեարկել միայն «Արդարություն» ու Դաշնակցություն խմբակցությունները: Թեեւ նախատեսված էր, որ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն Իրաքում իրականացնեն միայն պաշտպանական եւ մարդասիրական gործողություններ, այդուհանդերձ Իրաք հայ զինվորականներ ուղարկելու հարցը տարաձայնություններ էր առաջացրել Հայաստանում. մտավախություն կար նաեւ, որ դա կարող էր բացասաբար անդրադառնալ տեղի հայ համայնքի վրա:

Արշալույս Փայտյանը այսօր չբացառեց, որ Իրաքից վերադարձած հայ խաղաղապահները ներգրավվեն նաեւ Կոսովոյում առաքելություն իրականացնող հայկական զորախմբում:

«Շատ հավանական է», - ասաց նա: - «Որովհետեւ նրանք, բնականաբար, գտնվում են խաղաղապահ բրիգադայի կառույցում եւ հավանական է, որ նրանցից մի մասը կներգրավվի նաեւ Կոսովոյի խաղաղապահ գործունեությանը»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG