Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Մենք հավատում ենք Ադրբեջանի կառուցողական մոտեցմանը»


«Մենք հավատում ենք Ադրբեջանի կառուցողական մոտեցմանը», - Day.az ինտերնետային պարբերականին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում Հայաստանի կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացը նոր թափ կհավաքի Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցկացումից հետո:

«Մենք մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք այն խնդիրների վրա, որոնք մեզ միավորում են, այլ ոչ թե տարանջատում: Թե’ Հայաստանը եւ թե’ Ադրբեջանը հակված են համաեվրոպական արժեքներին եւ իրենց ապագան տեսնում են Եվրամիությանը ինտեգրման մեջ», - ասել է վարչապետը:

Անդրադառնալով հայ - թուրքական հարաբերությունների հեռանկարներին, Տիգրան Սարգսյանը վերահաստատել է պաշտոնական Երեւանի բազմիցս հնչեցրած տեսակետը` ասելով. - «Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Բայց կարծես թե ոմանց ձեռնտու է մեր այս մոտեցումը պարբերաբար այլ կերպ մեկնաբանել»:

Վարչապետը կարծիք է հայտնել, թե երրորդ պետությունները եւս կարող են նպաստել հայ - թուրքական հարաբերությունների բարելավմանը. - «Մեծ Բրիտանիան պատմականորեն այս տարածաշրջանում լուրջ շահեր է ունեցել եւ ավանդական դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ: Թուրքիայի հետ ջերմ հարաբերություններ ունի նաեւ Իսրայելը, ուստի այս պետությունները կարող են համագործակցության լավ հիմք ձեւավորել»:

Ադրբեջանցի լրագրողի հարցին` «փորձո՞ւմ է արդյոք Հայաստանը այսօր մաս կազմել Բաքու - Թբիլիսի - Ախալքալակ - Կարս երկաթուղու շինարարության նախագծին», Հայաստանի վարչապետը արձագանքել է. - «Մենք շահագրգռված ենք մաս կազմել տարածաշրջանային ցանկացած նախագծի»:

Հայաստանի տնտեսության վրա ռուս - վրացական պատերազմի թողած ազդեցության առնչությամբ Տիգրան Սարգսյանը ասել է. - «Հայաստանյան տնտեսության կրած վնասը, մեր հաշվարկով, կազմեց շուրջ 670 միլիոն ամերիկյան դոլար: Հակամարտությունը լուրջ փորձություն էր մեր տնտեսության համար, եւ այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ մեր տնտեսությունը վերջին տարիներին զգալիորեն ամրապնդվել է: Բնակչությունը գրեթե չզգաց ապրանքների մատակարարումների դադարեցումը, կենսապահովման բոլոր համակարգերը բնականոն էին գործում: Երկու օրվա ընթացքում բենզինի հերթեր եղան, դրանք էլ, սակայն, խուճապային տրամադրությունների արդյունք էին»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG