Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը մերժել է ընդդիմադիր կուսակցության հանրահավաքի հայտը


Անցած շաբաթ մայրաքաղաքի քաղաքապետարանը, ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արտակ Զեյնալյանը, ով դիմել էր հանրահավաք եւ երթ անցկացնելու հայտով, «կայացրել է միջոցառման անցկացումը արգելելու մասին որոշում»:

Հյուսիսային պողոտայում հանրահավաքն եւ երթը «Հանրապետություն» կուսակցությունը մտադիր էր անցկացնել հոկտեմբերի 17-ին:

Քաղաքապետարանը, Զեյնալյանի փոխանցմամբ, առաջարկել է հանրահավաքն անցկացնել «Դինամո» մարզադաշտի հարակից տարածքում:

«Երթը քաղաքի հիմնական փողոցներում է նախատեսված եղել, եւ վերջին շրջանում երթերը նույն պատճառաբանությամբ են արգելվում. խցանումներից խուսափելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց քաղաքապետարանի կազմակերպչատեսչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը:

«Ինչպես միշտ [Երեւանի քաղաքապետարանը] պատշաճ ձեւով չի իրազեկել, այս անգամ ընդհանրապես չի իրազեկել կազմակերպչի ներկայացուցչին, որպեսզի նա հնարավորություն ունենա մասնակցելու այդ լսումներին եւ պաշտպանելու իր վստահորդի շահերը», - փոխանցեց Զեյնալյանը:

Գագիկ Բաղդասարյանը, սակայն, ասաց, որ իրենք ծանուցում ուղարկել են. - «Կա նաեւ ծանուցման անդորրագիրը»:

Զեյնալյանը, ամեն դեպքում, քաղաքապետարանի որոշման օրինականությունը վիճարկող հայցով դիմել է վարչական դատարան, որի նիստը կայանալու է այսօր:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, մինչդեռ, այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Բոլորս նախապատրաստվում ենք հոկտեմբերի 17-ի հանրահավաքին, որը կարեւորագույն նշանակություն է ունենալու: Այդ օրը Լեւոն Տեր-Պետրոսյանը կներկայացնի մեր նոր ռազմավարությունը ու շատ կարեւոր բացահայտումներ կանի»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG