Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը միանգամայն իրական է: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում:

«Դեռ մինչեւ կովկասյան ճգնաժամը ի հայտ եկավ շատ լավ հնարավորություն` առաջ շարժվելու ղարաբաղյան կարգավորման գործընթացում միջնորդների, այսպես կոչված ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղղակի հանդիպումների միջոցով: Մշակվեց բովանդակային փաստաթուղթ, որը նկարագրում է կարգավորման գործնականում բոլոր սկզբունքները եւ մեխանիզմները», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը` հավելելով. - «Չլուծված է մնում երկու-երեք հարց, որոնք ենթակա են համաձայնեցման Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումների ժամանակ: Նախ եւ առաջ, խոսքը Լաչինի միջանցքի մասին է: Եվ մեր զգացողությունը` որպես երեք միջնորդներից մեկի, այնպիսին է, որ հանգուցալուծումը միանգամայն իրական է: Այն, անշուշտ, ուղղակի բանակցությունների միջոցով լուծելու են Հայաստանը եւ Ադրբեջանը, սակայն միջնորդները, որոնք հրաշալի հասկանում են այդ գործընթացի ամբողջ նրբությունը, տեսնում են հանգուցալուծման հնարավորությունը»:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղղակի հանդիպումներ, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով, կկայանան Ադրբեջանի նախագահական ընտրություններից անմիջապես հետո:

Լավրովը նաեւ համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումից անմիջապես հետո «Թուրքիան պատրաստ կլինի օգնել Հայաստանին բնականոն հարաբերություններ հաստատելու արտաքին աշխարհի հետ` բնականաբար, Անկարայի եւ Երեւանի միջեւ պաշտոնական, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու միջոցով»:

Տարածաշրջանում թուրքական գործոնի ակտիվացումը Ռուսաստանի արտգործնախարարը կապել է «կովկասյան ճգնաժամի աշխարհաքաղաքական հետեւանքների կտրուկ սրման» հետ` նշելով. - «Թուրքերը, իմ կարծիքով, ժամանակին հասկացան այս պահի յուրահատկությունը: Յուրահատկություն, որը նրանց թույլ է տալիս ընդգծել իրենց ներկայությունը այս տարածաշրջանում: Նրանք Կովկասի անմիջական հարեւաններն են եւ միաժամանակ կողմ, որը լավ հարաբերություններ ունի Կովկասյան տարածաշրջանի գործնականում բոլոր երկրների հետ: Թուրքական գաղափարը, ըստ որի` հենց տարածաշրջանի երկրները պետք է համատեղ մտածեն Կավկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի մասին, արտացոլում է թուրքական դիվանագիտության փորձառությունը»:

«Ինձ թվում է, Կովկասում հակամարտային իրավիճակի պահպանման դեպքում իր դրության խոցելիության սրված ընկալումը Հայաստանի կողմից եւ ներկա պահի յուրահատկության ըմբռնումը Թուրքիայի կողմից, Մինսկի խմբի համանախագահների առկա առաջարկների հետ մեկտեղ, ստեղծում են կրիտիկական զանգված, որպեսզի լուծումը գտնվի», - ամփոփել է Սերգեյ Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG