Մատչելիության հղումներ

logo-print

Այլ գործով անցնող մի կալանավոր մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ փաստեր է ներկայացնում


Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը անցած շաբաթավերջին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ քրեակատարողական հիմնարկներից մեկից հանձնաժողովին է դիմել մի կալանավոր, խարդախության մեղադրանքով հուլիսին կալանավորված Հովակիմ Բաբայանը ու ասել, թե որոշակի փաստեր է ուզում տրամադրել իրենց: Երեկ այդ կալանավորի հետ հանդիպել են հանձնաժողովի երկու անդամներ` Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը եւ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Հովակիմ Բաբայանը, ըստ դատախազության` դեռ հուլիսին տարածած հաղորդագրության, նախկինում դատվել է զենքի հափշտակության համար: Նա նախկինում աշխատել է իրավապահ համակարգում:

Արծվիկ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանին, մասնավորապես, փոխանցեց. - «Նա խնդրել էր, որ հանդիպում լինի, եւ այդ հանդիպման ընթացքում ինքը պատրաստակամություն էր հայտնել մանրամասն տեղեկություններ ներկայացնել մարտյան դեպքերի հետ կապված, որովհետեւ ինքը եղել է ակտիվ մասնակից այդ դեպքերի, ավելին` ընդգրկված է եղել նաեւ ընդդիմադիր ուժերի ճամբարում, բավական խորը ինֆորմացիա ունի: Տեղեկատվությունը, որը նա տրամադրել է, բավական ընդգրկուն է, վերաբերում է գրեթե բոլոր դրվագներին` ե’ւ առավոտվա, ե’ւ կեսօրվա, ե’ւ երեկոյան հատվածներին, եւ, բնականաբար, այդ տեղեկատվությունը նաեւ մամուլի սեփականությունը դառնալու բոլոր հնարավորությունները ունի եւ հնարավորություն կտա նաեւ իրավապահ համակարգին ավելի ճիշտ կողմնորոշվելու»:

«Ես այս պահին չէի ուզենա գնահատել տեղեկատվության արժանահավատությունը, որովհետեւ մենք լսել ենք ընդամենը կողմի ներկայացրած պատկերը կամ իր տեսակետը», - ընդգծեց պատգամավորը` հավելելով. - «Համենայն դեպս, ինքը նշեց, որ ինչ որ պատմում է` իր տեսածն է պատմում: Քանի որ կան այստեղ տեղեկություններ, որոնք նաեւ նախաքննության գաղտնիք կարող են համարվել, դրա համար ես կխուսափեմ այդ տեղեկատվության վերաբերյալ կոնկրետ գնահատականներ տալուց: Բայց բավական մտահոգիչ է այն, ինչ որ մենք լսեցինք»:

Արծվիկ Մինասյանի վկայությամբ` Բաբայանը այդ տեղեկատվությունը ներկայացրել էր նաեւ նախաքննության մարմնին տված իր ցուցմունքներում. - «Գրել է ոչ միայն Հատուկ քննչական ծառայությանը, նաեւ` դատախազությանը»:

Բաբայանը ասել է, թե մարտյան դեպքերից մի քանի ամիս առաջ ինքն անդամագրվել է ՀՀՇ կուսակցությանը, սակայն, Մինասյանի փոխանցմամբ, հաշվի առնելով, որ «հակասահմանադրական մեթոդ է ընտրել ընդդիմությունը իշխանության գալու, որոշել է, որ իրենց հետ ճանապարհ չունի անցնելու»:

ՀՀՇ-ի երիտասարդական միության նախագահ Կարեն Կարապետյանը հաստատեց, որ 2007-ի կեսերին Հովակիմ Բաբայանը անդամակցել է նախ երիտասարդական միությանը, ապա նաեւ` բուն կուսակցությանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG