Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն երեկ հատուկ ուղերձով դիմել է օրենսդիրներին` պահանջելով լուծել նոր կոալիցիա կազմելու հարցն ու սպառնալով հակառակ դեպքում լուծարել Գերագույն ռադան եւ նշանակել խորհրդարանական նոր ընտրություններ:

Նախագահը մեկ օր է տվել խորհրդարանին, այսինքն` այսօր օրենսդիրները պետք է հայտնեն կոալիցիա կազմելու մասին, այլապես Ուկրաինայում վերստին տեղի կունենան արտահերթ ընտրություններ:

«Եթե ձեւավորվի կոալիցիա, ես այն կընդունեմ, գլուխս կխոնարհեմ եւ վարչապետի թեկնածու կառաջադրեմ այդ կոալիցիայի առաջնորդին», - ասել է նախագահը:

Վերլուծաբանները համոզված են, որ եթե նոր կոալիցիա չստեղծվի եւ ներկայիս Ռադան լուծարվի, Յուշչենկոյին սատարող «Մեր Ուկրաինա - Ժողովրդական ինքնապաշտպանություն» դաշինքը արտահերթ ընտրություններում կպարտվի: Բայց չնայած այդ հանգամանքին` Յուշչենկոն արդեն այսօրվանից պատրաստվում է 2010 թվականի նախագահական ընտրություններին:

«Կոմերսանտ» պարբերականի փոխանցմամբ` Վիկտոր Յուշչենկոն Ռուսաստանի հետ հակասությունները կդնի իր նախընտրական քարոզարշավի հիմքում, ինչով այն խիստ կտարբերվի հավանական մյուս թեկնածուների՝ Յուլիա Տիմոշենկոյի եւ Վիկտոր Յանուկովիչի ռազմավարությունից: Իսկ հակասություններ կան. դա ե’ւ գազի սակագնի բարձրացումն է, ե’ւ վրացական խնդիրը, ե’ւ Ռուսաստան ուկրաինական ապրանքների ներմուծումը սահմանափակելու փորձերը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG