Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկացի փորձագետները հանդիպեցին մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի հետ


Երկուշաբթի օրը Միացյալ Նահանգներից ժամանած երեք փորձագետներից երկուսը` Քրիստոֆեր Կոյմը եւ Մայքլ Հարլին, Ազգային ժողովում հանդիպում ունեցած մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ:

Ամերիկացի փորձագետները նախ ներկայացրին, թե ինչ սկզբունքով եւ առաքելությամբ է սեպտեմբերի 11-ի հանձնաժողովն աշխատել: Հիմնական նպատակը, ըստ փորձագետների, եղել է ամերիկյան հանրությանը ներկայացնել ողջ պատմությունը` բոլոր մանրամասներով:

«Մենք հասկացանք, որ առաջնային խնդիրը փաստեր հավաքելն է», - ասացին նրան` հավելելով, որ այդ կարեւոր աշխատանքը կատարելու հարցում մեծ աջակցություն են ցուցաբերել ամերիկյան ժողովուրդը, զոհերի հարազատները. - «Զեկույցը որեւէ արժեք չէր ունենա, եթե հանրությունը չմասնակցեր փաստահավաք աշխատանքին»:

Փորձագետների փոխանցմամբ, ամերիկյան հանձնաժողովում հավասարապես ներկայացված էին բոլոր կուսակցությունները: Ընդգրկված էին նաեւ նախկին պաշտոնյաներ, հմուտ փորձագետներ: Ամերիկյան հանձնաժողովի հակաահաբեկչական հարցերի հետաքննման հարցերով համակարգողն ու ավագ փաստաբանը` Մայքլ Հարլին, Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակից է, եւ այսօր հայաստանյան հանձնաժողովի անդամներին ասաց, որ իրենց հանձնաժողովի նախագահն ու փոխնախագահը հավատացած էին, որ իրենց առջեւ կանգնած խնդիրն էր հանրությանը պատմել, թե ինչ է տեղի ունեցել` «հնարավորինս պարզ լեզվով եւ օբյեկտիվորեն»:

Ամերիկացի փորձագետների նպատակն է հայ գործընկերներին ներկայացնել իրենց փորձն ու հանձնաժողովի քաղած դասերը: Ի՞նչ ընդհանրություններ ու տարբերություններ կան ամերիկյան եւ հայկական հանձնաժողովների ուսումնասիրության առարկա դարձած իրադարձությունների միջեւ, ինչո՞վ կարող են ամերիկացի փորձագետները աջակցել Հայաստանի` առավելապես քաղաքական գործիչներից կազմված հանձնաժողովին:

Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյան. - «Մենք ունենք, իհարկե, շատ ընդհանրություններ: Բայց ունենք մի գլոբալ տարբերություն. դուք քննել եք մի ազգային աղետ, որը վերաբերում է արտաքին ագրեսիային, եւ ազգը միասնական է այդ խնդիրները լուծելու առումով: Մենք քննում ենք ներքաղաքական խնդիր, որովհետեւ հասարակությունը տարբեր, բեւեռացված մոտեցում ունի, քաղաքական դաշտը բեւեռացված մոտեցում ունի: Եվ դեռեւս մենք գտնվում ենք այդ իրադարձությունների կամ նրանց ազդեցությունների տակ: Այդ իսկ պատճառով քաղաքական ազդեցությունը հանձնաժողովի վրա եւ ճնշումը, հասարակական կարծիքի ճնշումը մեր վրա բավականին մեծ է»:

Հանձնաժողովի անդամներից Սարգիս Մուրադխանյանը, ով ներկայացնում է «Ազգային միաբանություն» կուսակցությունը, պահանջ-հորդորով դիմեց ամերիկացի փորձագետներին. - «Ձեր յուրաքանչյուր արտահայտությունը խիստ հեղինակավոր է լինելու, ուստի խնդրանքս այն է, որ ձեր արտահայտություններում այնքան զգուշավոր լինեք, որ քաղաքական ուժերի եւ նրանց առանձին լրատվամիջոցների կողմից չշահարկվի ձեր խիստ հեղինակավոր արտահայտությունը»:

Հանդիպման ավարտին ամերիկացի փորձագետները պատասխանեցին մի քանի լրագրողների հարցերին. որքանո՞վ են տեղյակ մարտի 1-ի իրադարձությունների առանձնահատկություններին, տեղյա՞կ են, որ Հայաստանում հասարակությունը երկու բեւեռի է բաժանված, որ այդ հանգամանքը այսպես թե այնպես ազդում է թե’ հանձնաժողովի աշխատանքներին աջակցելու, թե’ հանձնաժողովի հանդեպ վստահություն ունենալու հարցերում: Պատասխանները հիմնականում միանման էին` «մենք կարող ենք միայն մեր փորձը ներկայացնել», «ձեր հանձնաժողովը շատ մեծ պատասխանատվություն եւ գործ ունի անելու»:

Հարցին, թե ինչպես կարող է իրենց փորձը նպաստել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքին, Քրիստոֆեր Կոյմը պատասխանեց. - «Հանձնաժողովն ինքը պետք է իր ճանապարհը գտնի, մենք կարող ենք միայն մեր փորձի մասին խոսել»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG