Մատչելիության հղումներ

logo-print

Քննարկվում է Ազգային ժողովի շենքի մոտ եկեղեցի կառուցելու հարցը


Ազգային ժողովի շենքի մոտ եկեղեցու հնարավոր կառուցման հարցը, ինչպես այսօր լրագրողներին ասաց խորհրդարանի մշտական հանձնաժողովներից մեկի նախագահը, օրակարգում է:

«Պատկերացնում եք, ինչ գեղեցիկ կլինի եւ ճիշտ կլինի, որ պետական ինստիտուտների կուտակման փողոցում` Նախագահական, Ազգային ժողով, մի հատ էլ եկեղեցի լինի», - Ազգային ժողովում հրավիրած ասուլիսում այսօր ասաց խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը (ՀՀԿ)` հավելելով. - «Ես որքանով գիտեմ, նոր խոսնակը այդ պրոցեսը նախաձեռնում է»:

Թեեւ «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է բանակ զորակոչել 18 տարին լրացած բոլոր երիտասարդներին (անկախ բուհում սովորել-չսովորելուց), կառավարությունը դեռ չի ներկայացրել Ազգային ժողով, հանձնաժողովում, այդուհանդերձ, ըստ Աշոտյանի, արդեն քննարկվել են առաջարկներ դեռ մշակման փուլում գտնվող օրինագծի վերաբերյալ:

«Կրթական վնասները պետք է մինիմալի հասցվեն, պետք է լինեն սոցիալական պաշտպանության մեխանիզմներ բանակ գնացող երիտասարդների համար», - օրինակներ բերեց Աշոտյանը:

«18 տարին լրացած տղաներին պարտադիր կերպով զորակոչելու վերաբերյալ Հայաստանի կառավարությունը նախաձեռնություն է ցուցաբերել դեռ 1997 թվականին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

«1997 թվականին մենք նույն առաջարկով մտել ենք Ազգային ժողով», - ասաց Շիրխանյանը: - «Երբ մենք զգացինք, որ կա զորակոչային ռեսուրսների պակասի խնդիր: Բայց մենք հասկանում էինք, որ ժամանակավոր լուծում է, իսկ խնդրի հիմնական լուծումը կարելի է գտնել միայն պայմանագրային ստորաբաժանումների ստեղծման ճանապարհով»:

Ժողովրդավարական ճգնաժամի հանգամանքը չի անտեսում նաեւ այսօրվա իշխող կուսակցության ներկայացուցիչը. - «Այդ իմաստով զորակոչի տարիքը հասել է այսպես կոչված դեմոգրաֆիկ փոսի տարիների զորակոչի տարիքին, այն է` 90-91 թվականներին ծնված երիտասարդներին, եւ հասկանալի է, որ այստեղ պետք է գերակայությունը տալ երկրի պաշտպանության ամրապնդմանը»:

Շիրխանյանի գնահատմամբ, մինչդեռ, այս պահին փորձ է արվում սոսկ ամեն կերպ լուծել բանակը համալրելու խնդիրը: Առաջանում են, սակայն, մտահոգություններ կապված բանակի մարտունակության հետ. - «Այսօրվա վիճակում Հայաստանի ամենագլխավոր խնդիրը անվտանգության ապահովումն է. ձգտում են ամեն կերպ համալրել բանակը... Բայց դա լինելու է միայն այդպես` ամեն կերպ: Ի՞նչ է տալու 18 տարեկաններով համալրումը բանակին: Այն երկրներում, որտեղ կա ռազմադաստիարակչական կայացած համակարգ, եւ դպրոցից հետո երիտասարդը արդեն հոգեբանորեն պատրաստ է բանակում ծառայելու, դա իրեն արդարացնող համակարգ է: Բայց Հայաստանում, որտեղ իսպառ վերացել է դաստիարակչական համակարգը, երիտասարդը ոչ միայն հոգեբանորեն, այլեւ ֆիզիկապես պատրաստ չէ բանակում ծառայելուն»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG