Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանի օմբուդսմենին վերահսկել իրավիճակը բանակում


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջեւ այսօր ստորագրված պայմանագրով ԵԱՀԿ-ն կաջակցի օմբուդսմենին վերահսկել իրավիճակը բանակում:

ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, պայմանագրի շրջանակներում օմբուդսմանի գրասենյակին կից կստեղծվի փորձագետների համատեղ աշխատանքային խումբ, որը կվերլուծի բանակում կարգապահական պատժամիջոցների վերաբերյալ գործող օրենսդրությունը, կմատնանշի առկա բացերը:

«Զինված ուժերում օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանքը ցանկացած պետության ժողովրդավարական զարգացման կարեւոր ասպեկտներից է», - ասել է ԵԱՀԿ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

Խումբը նաեւ կդիտարկի գործող կարգապահական պատժամիջոցների կիրառումը բանակում: Արդյունքների հիման վրա կպատրաստվի զեկույց` կառավարությանն ուղղված առաջարկություններով:

«Վստահ ենք, որ բանակում կարգապահական պատժամիջոցների վերաբերյալ մասնագիտական զեկույցը եւ կառավարությանն ուղղված առաջարկությունները կբարձրացնեն մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը եւ կխրախուսեն հանդուրժողականության մթնոլորթ: Մենք գնահատում ենք ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի աջակցությունը այս ոլորտում մասնագիտական մոտեցումների ցուցաբերման ուղղությամբ», - իր հերթին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG