Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «Ցուցարարնե՞րն են իրար վրա կրակել» վերնագրված հոդվածում գրում է. - «Սա «Մարտի 1»-ի գործի նյութերից բխող միակ արտառոց բացահայտումը չէ: Պարզվում է նաեւ, որ նույն անձինք նույն դեպքի մասին տարբեր ցուցմունքներ են տվել քննիչներին ու փորձագետներին: «Մարտի 1»-ի մայր գործի նյութերից ակնհայտ է նախաքննական մարմնի միտումը` հնարավորինս կոծկել կամ առնվազն թեթեւացնել ոստիկանության եւ զինված ուժերի մեղքը եւ առավելագույնս շատ տվյալներ հավաքել ցուցարարների դեմ` նրանց ի սկզբանե որոշված «մեղավորության կանխավարկածը» հաստատելու համար: Եվ այս ձգտումն ակնհայտ դրսեւորվել է անգամ տուժողների հարցաքննությունների ընթացքում»:

«Հայոց Աշխարհ»-ը, նույնպես անդրադառնալով մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, գրում է. - «Ընդգծենք, որ միջազգային անկախ փորձագետների ներգրավմամբ կրկնակի կամ նոր փորձաքննությունը շատ հարցերի պատասխանը կտա, համենայն դեպս, կպարզվի, թե տվյալ հարցում իրական կեղծարարն ով կամ որ կողմն է։ Չնայած ծնոտի եւ մյուս մարմնամասերի բացակայությանը, ժամանակակից համակարգչային տեխնիկան, փորձաքննության մեթոդոլոգիան ու մասնագիտական համապատասխան գիտելիքները թույլ են տալիս նկարահանված կադրերի միջոցով պարզել, թե տվյալ մարմնամասերը մարդո՞ւ են, թե՞ կենդանու։ Ցավոք, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ու ճշմարտության բացահայտմանն աջակցելու, միջազգային անկախ փորձագետների ներգրավմամբ կրկնակի կամ նոր փորձաքննություն անցկացնելու պահանջի փոխարեն, եվրոպական համապատասխան կառույցներն ու պաշտոնյաները նույնպես ընտրել են, քաղաքավարի ասած, անհասկանալի գործելակերպ»։

«Ժամանակ Երեւան»-ը կրկին անդրադարձել է «Օդնոկլասնիկի» սրճարանում տեղի ունեցած դեպքին: «Մնում է հարց տալ` թե ինչի՞ տեղ է դրել նույն ժողովրդին Սերժ Սարգսյանը, որին նախօրեին նման ուղերձ էր հղում: «Հանրապետությունում վխտում է գայլը. հարձակվում են գյուղերի ոչխարների եւ հոտերի վրա, իսկ այստեղ` մայրաքաղաքում հարձակվում են անմեղ մարդկանց վրա: Մի գայլերի ոհմակ էլ էդ հանրապետականների հաստավիզներն են: Էսօր նրանք հարձակվել, ժողովրդին են հոշոտում. էս հաստավիզ գայլերը` գլուխները խուզած, ժողովրդին են հոշոտում` մահակներով, զենքերով, ամեն ինչով», - «Չորրորդ իշխանության» հետ հարցազրույցում ասել էր ծեծկռտուքի արդյունքում զոհված Անդրանիկ Բաբայանի հայրը», - փոխանցում է թերթը:

«Չորրորդ իշխանություն»-ը վերլուծում է վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանի եւ նրան թիմակիցների ելույթները. - «Ռոբերտ Քոչարյանն ակնարկում էր, որ ինքը մտադիր է վերադառնալ ամենեւին էլ ոչ որպես վարչապետ: Ռոբերտ Քոչարյանի հիմնական «գաղափարական զինակիցներից» մեկը` Վարդան Օսկանյանը, երեկ «Հ1»-ի եթերից գրեթե բաց տեքստով ներկայացրեց Սերժ Սարգսյանի իշխանությունից իրենց ունեցած դժգոհությունների այն ցանկը, որն, անկասկած, դուր կգա արտաքին աշխարհին: Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանն ավելի շատ զբաղված էր տնտեսությունը ոտքի կանգնեցնելով (եւ այդ ընթացքում չէր կարող մեծ ուշադրություն դարձնել մարդու իրավունքներին եւ ժողովրդավարական ազատություններին, որովհետեւ դա կարող էր վնասել տնտեսությանը), բայց հիմա, երբ պետական ինստիտուտները կայացած են, մեր տնտեսությունը շատ ամուր է եւ այլն, Սերժ Սարգսյանը պիտի ամրապնդի ժողովրդավարությունը, մինչդեռ նրա օրոք այդ ասպարեզում նույնիսկ հետընթաց է արձանագրվել»:

«Հայկական ժամանակ»-ին հարցազրույց է տվել Երկրապահ կամավորականների միության վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը: Լրագրողի այն հարցին` «ինչո՞վ կբացատրեք տարբեր տարիներին եւ վերջերս հնչած հայտարարությունները ԵԿՄ-ից դուրս գալու վերաբերյալ` Ազատամարտի վետերանների միություն, «Ոգու փորձություն», զինվորականներ...», Արա Կետիկյանը պատասխանում է. - «Ի վերջո կա’մ այդ կառույցները քաղաքականանում են ու դառնում կուսակցություն, կա’մ աստիճանաբար դադարում են գոյություն ունենալուց: Արդյունքում նշված կառույցների հիմնադիրներն անխուսափելիորեն վերադառնում են ԵԿՄ, ապացույցը մեր վերջին համագումարն է, երբ նման մի շարք գործիչներ վերադարձան եւ ընտրվեցին ԵԿՄ վարչության կազմում: Մենք շատ հանգիստ ենք վերաբերվում նման հայտարարություններին եւ չենք ուզում հավատալ, որ մեր մարտական ընկերներից ոմանք կարող են գործիք դառնալ ինչ-ինչ ուժերի ձեռքում»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG