Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը առաջարկում է ղարաբաղյան կարգավորման գործընթացը դարձնել փուլային


«Ղարաբաղյան հակամարտությունը շատ խորն է, եւ դժվար է այն կարգավորել մեկ օրվա կամ շաբաթվա ընթացքում: Հենց այդ պատճառով, ադրբեջանական կողմը առաջարկում է այդ գործընթացը դարձնել փուլային. քայլ առ քայլ մենք կարող ենք տեղաշարժ արձանագրել», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Ադրբեջանական կողմը հարցն այսպես է դնում. պետք է ազատվեն գրավյալ 7 շրջանները, հայկական ուժերը պետք է դուրս բերվեն, բռնի տեղահանվածները վերադառնան: Դրանից հետո կարող է սկսվել նոր փուլ. տարածաշրջանում կարող է սկսվել բազմակողմանի հաղորդակցություն, ինչից հետո կարող են ի հայտ գալ նոր հնարավորություններ», - մանրամասնել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Մամեդյարովի խոսքով, Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ թե’ ինքը, թե’ Հայաստանի արտգործնախարարը, թե’ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդներն ընդունել են, որ ղարաբաղյան հակամարտությունը լուրջ խնդիրներ է ստեղծում տարածաշրջանում անվտանգություն հաստատելու տեսանկյունից, եւ նշել, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ տեղաշարժ արձանագրել այս գործընթացում:

«Վրաստանյան իրադարձություններից հետո մի քանի նոր հարցեր ի հայտ եկան, որոնք էլ մենք քննարկեցինք այդ հանդիպման ժամանակ», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը եւ հավելել. - «Նյու Յորքում մենք համաձայնեցինք շարունակել քննարկումները. հաջորդ քայլը կլինի կա’մ համանախագահների այցը տարածաշրջան, կա’մ արտգործնախարարների հանդիպումը որեւէ մայրաքաղաքում: Որոշեցինք այդ հարցը ավելի մանրամասն քննարկել 1-2 շաբաթ անց»:

APA գործակալության փոխանցմամբ, ընդգծելով, որ Ադրբեջանը դրական է գնահատում պաշտոնական Անկարայի նախաձեռնությունը` Կովկասում անվտանգության եւ կայունության պլատֆորմ ստեղծելու վերաբերյալ, Մամեդյարովն ասել է. - «Թուրքիայի առաջարկը արդեն գտնվում է բանակցությունների սեղանին: Եռակողմ հանդիպման ժամանակ մենք բոլորս հայտարարեցինք, որ թուրքական նախաձեռնությունը շատ հետաքրքիր է ու դրական, եւ մենք կաշխատենք այդ ուղղությամբ, այսինքն` կփորձենք դրա միջոցով խաղաղություն եւ կայունություն բերել տարածաշրջան»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG