Մատչելիության հղումներ

Երեկ մի կատաղած ցուլ հայտնվել է Մոնտեվիդեոյի հայկական դպրոցի մոտ այն ժամին, երբ բոլոր երեխաները դպրոցում էին:

Ցուլը փախել էր Մոնտեվիդեոյի նավահանգստում` բեռնատար մեքենայից նավ տեղափոխելու ժամանակ, ապա վազել քաղաքի բնակելի շրջաններով` ջարդելով մեքենաներ, մոտոցիկլեր եւ վիրավորելով 5 մարդու:

Կենդանին, որին հետապնդում էր ոստիկանությունը, ի վերջո մտել է տեղի հայկական եկեղեցու մոտ գտնվող Հայկական բարեգործական ընդհանուր միության դպրոցի ավտոկայանատեղիի մուտքով, ուր ծնողները սպասում են աշակերտներին: Ոստիկանները, հաշվի առնելով իրավիճակի վտանգավորությունը եւ ունենալով դատավորի թույլտվությունը, կրակոցներով սպանել են ցլին:

Վարժարանների ընդհանուր տնօրեն Ալբերտո Դուրեքջյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ դեպքի պահին բոլոր աշակերտները դպրոցում էին եւ ամեն ինչ տեսնում էին պատուհաններից: Երեխաները 15 րոպեից տվյալ վայրում հանդիպելու էին ծնողների հետ կամ նստելու էին իրենց տուն տանող ավտոմեքենաները: Բարեբախտաբար, այդ պահին այնտեղ երեխաներ չեն եղել, եւ ցուլը վնասել է միայն կայանված մեքենաները:

Ուրուգվայի` կենդանիների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպությունները բողոքել են տեղի ունեցածի կապակցությամբ եւ դատապարտել ոստիկանության դրսեւորած դաժանությունը:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG