Մատչելիության հղումներ

Մոնիտորինգի հանձնաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում դիտարկել համաներման հնարավորությունը


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը ծայրաստիճան մտահոգված է հուլիսի 13-15-ը Երեւան կատարած այցի արդյունքներով Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի ներկայացրած եզրակացություններով, «որոնք վկայում են, որ Վեհաժողովի առանցքային պահանջների առնչությամբ սոսկ սահմանափակ առաջընթաց է արձանագրվել»:

Հետեւաբար, համաձայն Եվրախորհրդի պաշտոնական կայքէջում այսօր տեղադրված հաղորդագրության, «հանձնաժողովը Մարդու իրավունքների հանձնակատարին հրավիրել է վերադառնալ Երեւան եւ կրկին զեկույց ներկայացնել հանձնաժողովին դեկտեմբերի 17-ին Փարիզում կայանալիք նիստի ժամանակ»:

Դրական համարելով մարտի 1-2-ի իրադարձությունների անկախ եւ վստահելի հետաքննության ուղղությամբ ձեռնարկված քայլերը` Մոնիտորինգի հանձնաժողովը, միաժամանակ, «ծայրաստիճան մտահոգված է մնում այդ իրադարձությունների կապակցությամբ ազատազրկված անձանց հարցով»: Հանձնաժողովը մատնանշում է ԵԽԽՎ-ի թիվ 1620 բանաձեւը, որով պահանջվում է, որպեսզի դեռեւս նախաքննության փուլում գտնվող գործերը կամ կարճվեն, կամ արագորեն ուղարկվեն դատարան, ինչպես նաեւ անընդունելի են համարվում միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա կայացված դատավճիռները:

Մոնիտորինգի հանձնաժողովն ընդգծում է, որ 7 անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվում են Քրեական օրենսգրքի 300 («պետական իշխանության յուրացում») եւ 225` («զանգվածային անկարգություններ») հոդվածներով, նախաքննությունը ձգձգվում է, եւ նրանց գործերը դեռեւս չեն ուղարկվել դատարան: Մինչդեռ 1620 բանաձեւը պահանջում է հիշյալ հոդվածներով գործերը կարճել, եթե չկան ապացույցներ, որ տվյալ անձինք անձամբ կատարել կամ հրահանգել են կատարել բռնություններ, կամ էլ օժանդակել են դրանց:

Հանձնաժողովին խորապես մտահոգում է այն, որ քննությունը դեռեւս չի պատասխանել մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով մարդկանց մահվան համար պատասխանատվությանը վերաբերող հարցին:

Լուրջ մտահոգություններ կան նաեւ` կապված մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորվածներին առաջադրված մեղադրանքների եւ մի շարք գործերով դատավարությունների հետ, այդ թվում` արդար դատավարության սկզբունքի տեսանկյունից:

«Հանձնաժողովը լրջորեն մտահոգված է, որ մարդիկ կարող են ձերբակալված եւ նույնիսկ դատապարտված լինել քաղաքական հայացքների եւ ոչ բռնի գործողությունների համար, ինչը անընդունելի է Վեհաժողովի համար», - ասված է հաղորդագրությունում:

Մոնիտորինգի հանձնաժողովը ափսոսանք է հայտնում, որ «Հայաստանի իշխանությունները չեն դիտարկում համաներման, ներման կամ իրենց հասանելի այլ միջոցների հնարավորությունը` 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ ազատազրկված անձանց հետ կապված իրավիճակին լուծում տալու համար», եւ «կոչ է անում իշխանություններին դիտարկել նման հնարավորությունները, որոնց արդյունքը կլինի նշանակալի առաջընթացը Վեհաժողովի պահանջների կատարման ուղղությամբ»:

«Հանձնաժողովն այն տեսակետին է, որ Հայաստանը 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման շեմին է: Այժմ ժամանակն է, որպեսզի Հայաստանի իշխանությունները խնդիրը լուծելու քաղաքական կամք ցուցաբերեն», - ասված է հաղորդագրությունում:

Մոնիտորինգի հանձնաժողովը հայտնում է նաեւ, որ դեկտեմբերին մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացնելիք զեկույցի հիման վրա որոշում է կայացնելու «այն գործողությունների եւ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ, որոնք կառաջարկի Վեհաժողովի լիագումար նիստին 2009 թվականի հունվարին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG