Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ֆինանսական ճգնաժամից պաշտպանվելու միջոցներ է մշակում


Եվրամիության անդամ պետությունները պետք է լուրջ ջանքեր գործադրեն, որպեսզի Միացյալ Նահանգներում ծագած ֆինանսական ճգնաժամը չտեղափոխվի Եվրոպա: Նման կարծիք են հայտնել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները երեկ Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի խոսքերով` այսօր պատասխանատվության առյուծի բաժինը հենց Վաշինգտոնինն է:

«ԱՄՆ-ը պետք է ստանձնի պատասխանատվությունը: Ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգների ղեկավարները պետական կառավարման իսկական հմտություն կցուցաբերեն` դա է այսօր անհրաժեշտ թե’ մեզ եւ թե’ ամերիկացիներին», - ընդգծել է Բարոզուն:

Եվրամիության` մրցակցային խնդիրներով հանձնակատար Նելի Կրեսը հայտնել է, որ ներկայումս Բրյուսելում կոնկրետ միջոցներ են մշակվում ճգնաժամի հետագա խորացումից խուսափելու համար:

«Մենք այժմ հստակ եւ շուտափույթ միջոցներ ենք մշակում, որոնք էլ թույլ կտան փրկել Եվրոպայի բանկային համակարգն ու թույլ չտալ, որպեսզի այս բնագավառում ծագած ճգնաժամը տարածվի տնտեսության մյուս ճյուղերի վրա», - նշել է հանձնակատարը:

Անցած շաբաթ Բելգիայի, Հոլանդիայի եւ Lյուքսեմբուրգի կառավարությունները 11 միլիարդ եվրոյով գնեցին «Ֆորտիս» բանկի բաժնետոմսերի 49 տոկոսը` փաստորեն ազգայնացնելով այն: Ըստ ամենայնի, նույն ճակատագրին է արժանանալու ֆրանս-բելգիական «Դեքսիա» բանկը: Եվրահանձնաժողովը երեկ երեկոյան հայտարարել է նաեւ, որ կօժանդակի Մեծ Բրիտանիայի կառավարությանը երկրի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկի` «Բրեդֆորդ ընդ Բինգլի» բանկի առողջացման ծրագրի իրականացման գործում:

«Միայն ֆինանսական ներարկումները բավարար չեն: Մենք պետք է նաեւ ավելացնենք մարդկանց վստահությունը բանկային համակարգի հանդեպ: Այդ իսկ պատճառով մենք Եվրամիության անդամ բոլոր պետություններին կոչ ենք անում ավելի սերտորեն համագործակցել այս խնդրում», - ասել է Բարոզուն:

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կդառնա Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարների` շաբաթ օրը Փարիզում կայանալիք արտակարգ հանդիպման թեման:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG