Մատչելիության հղումներ

logo-print

Օսկանյան. «Ինձ համար հայ-թուրքական հարաբերությունների գնահատման մեկ չափանիշ կա` դա սահմանի բացումն է»


«Ինձ համար հայ-թուրքական հարաբերությունների գնահատման մեկ չափանիշ կա` դա սահմանի բացումն է, կամ, առնվազն, որպես սկիզբ` [Գյումրի - Կարս] երկաթգծի գործարկումը: Եթե այս երկուսից մեկը տեղի չունենա առաջիկա ամիսներին, ես կասեի, որ Թուրքիան քաղաքական նպատակներով լավագույնս շահարկել է իրեն ընձեռված հնարավորությունը: Իսկ եթե գալիք ամիսներին սահմանը բացվի, կամ երկաթգիծը գործարկվի, կարելի է ասել, որ Հայաստանի նախագահի հրավերը Գյուլին` ճիշտ որոշում էր», - երեկ իր հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի բացման առիթով հրավիրած ասուլիում ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Նա ավելացրեց, որ առայժմ Թուրքիան արդեն ստացել է հայկական կողմից այն ինչ ուզում էր` հայտարարություն այն մասին, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի, որ հայկական կողմը պատրաստ է սահմանի բացումից հետո Թուրքիայի հետ քննարկել ցանկացած հարց, մինչդեռ Հայաստանը Թուրքիայից դեռեւս չի ստացել այն, ինչ Հայաստանին է անհրաժեշտ` սահմանի բացումը:

Անդրադառնալով Թուրքիայի հնարավոր դերին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, Վարդան Օսկանյանը շեշտեց, որ Թուրքիան դեռեւս տեղ չունի այդ բանակցություններում, քանի որ դեռեւս չի բացվել սահմանը, չի գործարկվել երկաթգիծը եւ Թուրքիան դեռեւս կողմ է Ղարաբաղյան հարցում` հանդես գալով Ադրբեջանի շահերի դիրքերից: Ըստ Վարդան Օսկանյանի, հայկական դիվանագիտությունը պետք է անի հնարավորինս` ոչ միայն չհանդուրժելու Թուրքիայի ներգրավվածությունը կարգավորման գործընթացում, այլեւ թույլ չտալու, որ Թուրքիան աշխարհի առաջ նման տպավորություն թողնի:

Պատասխանելով այսպես կոչված երրորդ ուժի ձեւավորմանը իր ներգրավվածության մասին հարցին, Վարդան Օսկանյանը իր անվան հետ կապված բոլոր խոսակցությունները միանշանակ անհիմն գնահատեց: Ավելացնելով, այդուհանդերձ, որ չի կարող անտարբեր լինել Հայաստանի քաղաքական զարգացումների, երկրի ապագայի հանդեպ:

«Ես կարծում եմ, որ անպայման քաղաքական ներգրավվածություն կունենամ, բայց այդ ներգավվածությունը ինչ դրսեւորում կունենա եւ երբ կլինի, դեռեւս վաղ է այդ մասին խոսելը», - ասաց Վարդան Օսկանյանը:

Ներքաղաքական խնդիրներին անդրադառնալով` Վարդան Օսկանյանը համոզմունք հայտնեց, որ ե’ւ իշխանությունը, ե’ւ ընդդիմությունը ամեն ինչ պետք է անեն լարվածությունը թուլացնելու համար:

«Ինձ ուրախացրեց, երբ այսօր մամուլում կարդացի այն մասին, որ քննարկվում է համաներման խնդիրը: Այս հարցն ինչ-որ մի հանգուցալուծում պետք է ունենա: Ես կարծում եմ, որ այս հարցի պատճառով մենք լիարժեք չենք կարողանում օգտագործել տարածաշրջանային առումով այսօր մեզ ընձեռված հնարավորությունը` ունենալու ավելի մեծ դերակատարում», - ասաց նախկին արտգործնախարարը:

Վարդան Օսկանյանը ընդգծեց, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը խուսափի երկրում քաղբանտարկյալների առկայության պիտակից. - «Խուսափելու համար պետք է արագ գործել` կամ համաներում, կամ դատական գործընթացի սկիզբ: Այս ձգձգումը արդեն սկսում է կասկածներ առաջացնել: Այդ առումով մենք արդեն սահամանագծին ենք: Այս հարցը պետք է որեւէ հանգուցալուծում ունենա` ընդունելի կողմերի եւ Եվրոպայի խորհրդի համար»:

Ինչ վերաբերում է նորաստեղծ հիմնադրամին, ապա այն, Օսկանյանի խոսքով, կոչված է աջակցելու Հայաստանի պետականության ամրապնդմանը եւ ժողովրդի բարօրությանն ուղղված ջանքերին: Հիմնադրամը փորձելու է նպաստել յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների եւ պարտականությունների լիարժեք դրսեւորմանը:


Շաքե Ավոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG