Մատչելիության հղումներ

Եվս երկու մարդ է ձերբակալվել սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ


Հայաստանի ոստիկանության ծառայության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ սեպտեմբերի 20-ին երեւանյան սրճարաններից մեկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որը կապվում է Ազգային ժողովի պատգամավոր Լեւոն Սարգսյանի (ՀՀԿ) անվան հետ, եւ որի արդյունքում մահացել է Անդրանիկ Բաբայանը, եւս երկու հոգի ձերբակալվել են` 40-ամյա Սահակ Ազիբեկյանը եւ 44-ամյա Սամվել Ալիխանյանը:

Նրանց նկատմամբ խափանման միջոց դեռ չի ընտրվել, բայց, ինչպես փոխանցեցին ոստիկանության լրատվական վարչությունից` Ազիբեկյանը մեղադրվում է 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ խուլիգանություն կատարելու համար): Սամվել Ալիխանյանին, բացի 258 հոդվածի 3-րդ մասից մեղադրանք է առաջադրվել նաեւ 112 հոդվածի երկու կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը):

Այս պահի դրությամբ սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործով մեկ հոգի կալանավորվել է` մեղայականով Կենտրոնի ոստիկանության բաժին ներկայացած Արմեն Սարգսյանը, եւ երկուսը ձերբակալվել: Թե վերջինների համար խափանման ինչ միջոց կընտրվի, ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին չհայտնեցին:

Ոստիկանության լրատվական վարչությունից մեզ փոխանցեցին, որ Արթուր Սահակյանին եւ Աբել Միքայելյանին (ով նույնպես ծեծի էր ենթարկվել) ծանուցում, ինչպես օրենքն է պահանջում, ուղարկել են: Նրանք, սակայն, առանժմ չեն ներկայացել:

Երեկ ուշ երեկոյանը «Ուրբաթ» ակումբի տնօրեն եւ «Ուրբաթ report» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աբել Միքայելյանը հաղորդագրություն էր տարածել բոլոր լրատվամիջոցներին, այդ թվում նաեւ «Ազատություն» ռադիոկայանին, հորդորել էր իր եւ Անդրանիկ Բաբայանի անունները չկապել տեղի ունեցածի հետ. - «Մարդկային ստորության եւ դաժանության, դավաճանության ու ստի բոլոր դրսեւորումները պարունակող այդ դեպքի պատահական մասնակիցը լինելու դժբախտությունը ունեցանք ես եւ Անդրանիկ Բաբայանը, ով հիմա չկա, եւ ես ստիպված եմ սգալ նրա մահը հեռվից»:

«Ազատություն» ռադիոկայանի փորձերը` զրուցել Արթուր Սահակյանի («Ռադիոլուր» լրատվական ծառայության ղեկավար) եւ Աբել Միքայելյանի հետ, ձախողվեցին, քանի որ երկուսն էլ խուսափում են հանդիպումներից ու հրաժարվում լրացուցիչ պարզաբանումներից:

Անդրանիկ Բաբայանի հորաքույրը` տիկին Անատոլիան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր մի քանի անգամ ասաց, որ հետեւողական են լինելու: Հավելեց, որ արդեն դիմել են մարդու իրավունքների պաշտպանին, դիմելու են նաեւ այլ ատյանների:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG