Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երեկ երեկոյան Պատվո շքանշան է շնորհել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ` Հայաստանի նախագահի Թբիլիսի կատարած երկօրյա այցի շրջանակներում երեկ կայացել է երկու երկրների ղեկավարների առանձնազրույցը, որին հաջորդած համատեղ ասուլիսում Սահակաշվիլին, մասնավորապես, հայտարարել է. - «Վրաստան-Հայաստան սահմանը պետք է լինի եւ արդեն բարեկամության սահման է: Մենք պայմանավորվեցինք ավելի սերտորեն աշխատել»:

Վրաստանի նախագահը կոչ է արել պարզեցնել երկու երկրների միջեւ վիզային ռեժիմը` համոզմունք հայտնելով, որ դա կբարելավի երկկողմ հարաբերությունները:

«Ես հրահանգել եմ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներին այցելել Երեւան` ապահովելու, որպեսզի սահմանի հատման ընթացակարգերը լինեն հնարավորինս պարզ», - հայտնել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ երկու երկրները համատեղ աշխատելու են` աշխուժացնելու երկկողմ տնտեսական կապերը, հատկապես նոր ճանապարհների շինարարության միջոցով: Նա հայտնել է, որ Հայաստանի նախագահի հետ համաձայնության են եկել Աջարիայի Գոդերիձե լեռնանցքով նոր տարանցիկ մայրուղու շինարարության համար միջոցներ ներգրավելու նպատակով կոնսորցիում ստեղծելու շուրջ: Նա հավելել է, որ մայրուղին, որի շինարարությունը տեւելու է մի քանի տարի, կիսով չափ կրճատելու է Հայաստանից Սեւծովյան տարածաշրջան ճամփորդության տեւողությունը:

«Կարծում եմ, Վրաստանում վերջին զարգացումները պարզորոշ ցույց տվեցին, թե որքան կարեւոր է տարածաշրջանային համագործակցությունը, որքան ենք տուժում բոլորս խնդիրների եւ հակամարտությունների հետեւանքով եւ որքան կարեւոր է բոլոր հարցերի հնարավորինս արագ լուծումը», - հայտարարել է Վրաստանի նախագահը: - «Վստահ եմ, որ Կովկասի ապագան միասնական շուկան է, միասնական մշակութային եւ տնտեսական ոլորտները, տարածաշրջանի մյուս երկրների հետ սերտ համագործակցությունը: Անշուշտ, մինչ դրան հասնելը մենք պետք է կարգավորենք առկա հիմնախնդիրները, բայց ես վստահ եմ, որ բոլոր այդ խնդիրները կարող են կարգավորվել»:

Հայաստանի նախագահը ընդգծել է, որ երկու երկրների միջեւ համագործակցության բարելավման ուղղությամբ անելիք շատ կա, եւ որ Վրաստանի կայունությունը շատ կարեւոր է Հայաստանի համար:

Սերժ Սարգսյանը շեշտել է նաեւ, որ առկա հիմնախնդիրները հնարավոր չէ կարգավորել ռազմական ներխուժմամբ:

«Բոլորս հասկանում ենք, որ Կովկասը փոքր տարածաշրջան է, սակայն այն շատ զգայուն տարածաշրջան է, քանի որ այստեղ խաչվում են շահեր, եւ մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք` ապահովելու, որպեսզի այդ շահերը ծառայեն մեր ժողովուրդների բարօրությանը», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

«Կովկասպրես»-ի վկայությամբ` ասուլիսից հետո երկու երկրների նախագահները մասնակցել են Թբիլիսիում տեղադրվելիք Սայաթ-Նովայի արձանի հուշաքարի բացման արարողությանը:

Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG