Մատչելիության հղումներ

Հանրապետական պատգամավորի անունը կապվում է մահացու ելքով ծեծկռտուքի հետ


Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծառայության ղեկավարը Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամի անունը կապում է այս ամիս ավելի վաղ իրեն եւ իր ընկերներին Երեւանում դաժան ծեծի ենթարկելու հետ, ինչի հետեւանքով իր ընկերներից մեկը մահացել է:

«Ռադիոլուր»-ի ղեկավարը նաեւ պնդում է, թե «ոստիկանությունը նույնպես մասնակից է այդ հանցագործությանը»:

Երեկ Հայաստանի ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայանության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել շուրջ 10 օր առաջ տեղի ունեցած միջադեպի եւ դրա հետեւանքների մասին:

Ըստ հաղորդագրության, սեպտեմբերի 23-ին, ժ. 22.30-ին, Երեւանի բնակչուհի, 1983 թվականին ծնված Մ. Մ.-ն (ըստ մամուլի հրապարակումների` Մարինա Մադաթյանը) ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 20-ին իր ծանոթը` Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի ղեկավար, 1974 թվականին ծնված Արթուր Սահակյանը... փորձել բռնաբարել իրեն, սակայն ինքը դիմադրել է, ապա հեռախոսով օգնություն կանչել իր ծանոթներին, իսկ Արթուր Սահակյանն ավտոմեքենայով դիմել է փախուստի»:

Իր ծանոթ Ա.ի հետ (ըստ մամուլի` Արմեն Սարգսյան) Մադաթյանը Երեւանում` Սայաթ-Նովա եւ Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում, հայտնաբերել են Սահակյանի ավտոմեքենան, որի ղեկին այդ պահին գտնվել է Անդրանիկ Բաբայանը: Վերջինիս ծեծի ենթարկելուց հետո նրանք գնացել են «Ադնակլասնիկ» սրճարան, որտեղ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Արմեն Սարգսյանը ծեծի է ենթարկել Աբել Միքայելյանին եւ Արթուր Սահակյանին:

Անդրանիկ Բաբայանը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ սեպտեմբերի 29-ին մահացել է:

«Սեպտեմբերի 22-ին մեղայականով ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Արմեն Սարգսյանն ու խոստովանել, որ նախորդ օրը նշված սրճարանում, վիճաբանության ժամանակ, ինքն է ծեծի ենթարկել վերոնշյալ անձանց: Հանգամանքները պարզվում են: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

«Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում Արթուր Սահակյանը ասել է. - «Ես առաջին օրը դիմեցի եւ հասկացա, որ ոստիկանությունը մասնակից է այդ հանցագործությանը: Դրա համար հայտնվեցի ընդհատակում: Հենց նրանք մտան «Ադնակլասնիկ» սրճարան եւ սկսեցին ջարդուփշուր անել, թե «ո՞ւր է Արթուրը, խփելու ենք, սպանելու ենք», ես անմիջապես հետեւի մուտքով դուրս եկա եւ փորձեցի դիմել ոստիկանություն: Դիմեցի քաղաքային վարչությանը, բայց արձագանքեցին 1-1,5 ժամ հետո, երբ ոճրագործ խումբն արդեն հեռացել էր»:

Արթուր Սահայկանի կարծիքով, ոճրագործությանը խառնված է նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Լեւոն Սարգսյանը: Վերջինիս հետ հեռախոսով կապվելու` «Ազատություն» ռադիոկայանի համառ փորձերը արդյունքի չբերեցին. պատասխանում էին, թե Լեւոն Սարգսյանը բացակայում է քաղաքից:

Արմեն Սարգսյանին մեղադրանք են առաջադրել եւ կալանավորել սեպտեմբերի 28-ին` խուլիգանություն կատարելու հատկանիշներով: Ծեծի ենթարկված Անդրանիկ Բաբայանը, մինչդեռ, ինչպես վերը նշեցին, սեպտեմբերի 29-ին հիվանդանոցում մահացել է:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, ձերբակալվել են եւս երկու անձ, սակայն ոստիկանությունը այդ մասին տեղեկություն չի հաղորդում` պատճառաբանելով, որ նախաքննությունը շարունակվում է:

Արթուր Սահակյանը թերթերից մեկին տված հարցազրույցում հերքել է թե փորձել է բռնաբարել Մադաթյանին, ով, ըստ լրատվամիջոցների, Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) մտերմուհին է: Սահակյանը պնդում է. - «Եթե չձերբակալվեն Մսաղացի Լյովիկը եւ նրա խումբը հետեւանքը կլինեն նոր հանցագործությունները»:

«Փորձը ցույց է տալիս, որ վերջին տարիներին մերթ ընդ մերթ որեւիցե երեւույթ կապում են Լեւոն Սարգսյանի հետ, հետո պարզվում է, որ բոլորովին կապ չունի», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը` հավելելով, թե դա «եւս մեկ փորձ է Հանրապետականի դեմ»:

ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ «հիմքեր չի տեսնում չհավատալու Արթուր Սարգսյանի առաջ քաշած վարկածին, թե ինքը չի արել այն, ինչում իրեն մեղադրում են»:

Զոհրաբյանը ասաց, որ այսօր զրուցել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ. - «Ոստիկանապետը ինձ հետ զրույցում վստահեցրել է, որ ամեն ինչ կանի, որ լինի գործի անաչառ քննություն»:


Կարինե Քալանթարյան եւ Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի: Կենտրոնում Լեւոն Սարգսյանն է)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG