Մատչելիության հղումներ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը լիովին կիսում է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի` անցած շաբաթ հրապարակած զեկույցում հնչեցրած մտահոգությունները:

«Զեկույցում կարմիր թելով մենք տեսնում ենք մտահոգություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեքշաբթի օրը ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: - «Միակ, այսպես ասենք` լուսավոր կետը այդտեղ նա է, որ Հայաստանի իշխանությունները պրոակտիվ գործունեություն են ցուցաբերել [նախագահի կողմից], որպեսզի փաստահավաք այդ խումբը ստեղծվի: Ըստ էության մնացած բոլոր հարցերի մասով մտահոգությունը մնացել է նույն մակարդակի եւ չլուծված խնդիրները շատ ավելի շատ են, քան լուծված խնդիրները»:

Հարությունյանը ընդգծեց նաեւ Համմարբերգի մտահոգությունը, որ հետընտրական 19 գործերով մեղադրանքի հիմքում ընկած է ոստիկանների ցուցմունքը:

«Այս ամենը, ըստ նրա մոտեցման, ապացույց է, որ այստեղ, այնուամենայնիվ, որոշակի քաղաքական նկատառումներ, երեւի թե, կան», - ձեւակերպեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

Արմեն Հարությունյանը ասաց, որ կիսում է նաեւ Համմարբերգի այն մտահոգությունը, որ մինչեւ այսօր դատապարտվել են միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, եւ որեւէ ոստիկան պատժի չի ենթարկվել:

«Իհարկե, դա մտահոգիչ է, որովհետեւ նմանատիպ դեպքերում, եթե պարզվում է, որ միայն ընդդիմության ներկայացուցիչներն են մեղավոր, դա արդեն ցույց է տալիս, որ ինչ-որ բան այնպես չէ», - հավելեց նա:

Անդրադառնալով անցած շաբաթ գլխավոր դատաբժշկի եւ Հատուկ քննչական ծառայության ծառայության ղեկավարի ներկայացրած դիտարկումներին մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ ընդդիմության տարածած տեսաերիզի մասին, թե` տեսաերիզում պատկերվածը «ոչ թե արյուն է, այլ անհայտ ինչ-որ հեղուկ, իսկ մարմնի մասերը ոչ թե մարդու են պատկանում, այլ խոճկորի կամ հորթի», Հարությունյանը ասաց. - «Այդ ամբողջ էքսպերտիզան, ներկայացված վկայությունները վստահելի չեն թվում շատ մարդկանց համար»:

Պատճառը, ըստ Արմեն Հարությունյանի, «միակողմանիությունն է». - «Այդպես չի լինում, որ մշտապես ուժային կառույցները միշտ անմեղ են դուրս գալիս նմանատիպ հարցերում, եւ մյուս կողմը միշտ մեղավոր է դուրս գալիս»:

Հարցին, թե հնարավոր է, որ այս ամենը հաշվի առնելով առաջիկայում Եվրոպայի խորհրդի արձագանքը բավական խիստ լինի, Հարությունյանը պատասպանեց, որ այսպես շարունակվելու դեպքում այդ արձագանքը, անշուշտ, խիստ կլինի:

«Որովհետեւ, ըստ էության, որեւէ կետով որեւէ լուրջ առաջընթաց չկա: Նույնիսկ այն, որ հիմնականում նախաքննությունը ավարտվել է եւ [գործերը] դատարան են ուղարկվել, ես սա առաջընթաց չեմ համարում», - ասաց նա: - «Ազգային ինստիտուտները պետք է նվաճեն հանրության վստահությունը, այլ ոչ թե նմանատիպ միակողմանի գործունեւությամբ պարզապես դիմեն, որ` «մեզ վստահեք, որ մենք կարողանանք գործ անել»:

«Վստահությունը պետք է գրավել... որոշակի գործունեության արդյունքում», - եզրափակեց նա: - «Այս տեսակետից, կարծում եմ, ավելի վստահելի կլինի միջազգային էքսպերտիզան»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG