Մատչելիության հղումներ

Ադրբեջանում վերլուծում են նյույորքյան հանդիպումների արդյունքները


Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար, Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների ակտիվ մասնակից Արազ Ազիմովը APA լրատվական գործակալությանը երեկ տված հարցազրույցում ասել է, որ բանակցությունների ձեւաչափը կորոշվի Նյու 3որքում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումների արդյունքները վերլուծելուց հետո:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են սեպտեմբերի 26-ին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Մեթյու Բրայզան եւ Յուրի Մերզլյակովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղակատվության վարչությունը հաղորդել է, որ այդ հանդիպման օրակարգում է եղել «Մինսկի խմբի շրջանակներում 2007 թվականին համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը: Վերահաստատվել է, որ խնդիրը պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով եւ խաղաղ ճանապարհով»:

ԵԱՀԿ-ի միջնորդների մասնակցությամբ կայացած հանդիպմանը նույն օրը հաջորդել է երկու նախարարների առանձնազրույցը, ապա տեղի է ունեցել եռակողմ ձեւաչափով հանդիպում, որին մասնակցել են Նալբանդյանը, Մամեդյարովը եւ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը:

APA-ին տված հարցազրույցում Ազիմովն ասել է, որ Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմամբ: Նա ընդգծել է, որ Անկարայի դիրքորոշումը չի փոխվել՝ Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման պայմանով:

Ազիմովը նաեւ ասել է, որ Իրանը նույնպես ցանկանում է կարգավորված տեսնել հակամարտությունը: Ադրբեջանցի փոխնախարարի խոսքերով, Բաքուն դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացին նպաստելու` պաշտոնական Թեհրանի ձգտումը:

«Տարածաշրջանի որոշ այլ հարցերի լուծումը հնարավոր կլինի, երբ կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը», - ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG