Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «Քվեաթերթիկների ծրարներն ավելցո՞ւկ են տվել, թե՞ պակասում են» վերնագրի ներքո գրում է. - «Եվրախորհրդի տարածքային կառավարման կոնգրեսի պատվիրակությունը, որը Հայաստան էր ժամանել Երեւանի համայնքներում կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրությունները դիտարկելու նպատակով, երեկ, հրապարակելով իր նախնական հաշվետվությունը, արձանագրել է, որ «մի տարածքից մյուսն ընտրողներին փոխադրելու եւ կաշառվածության մասին հաղորդումներ ստանալուն զուգընթաց` դիտորդները անձամբ ականատես են եղել թափանցիկության պակասի թե’ քվեարկության, թե’ ձայների հաշվառման ընթացակարգում» եւ «մտահոգված են, որ մի շարք տեղերում թափանցիկության պակասը եւ լարվածությունը ստվերում են Հայաստանում տեղական ժողովրդավարության շարունակական զարգացումը»: «Առավոտ»-ի ֆոտոխցիկը արձանագրել է Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտման փաստ. երեկ Ժուռնալիստների միության շենքում տեղակայված թիվ 10/18 ընտրական տեղամասի տարածքում հայտնաբերվել է ընտրություններից հետո թղթի թափոնի վերածված քվեաթերթիկների ծրարների կույտ:

«168 ժամ»-ի համար «Մեդիամաքս» գործակալությունը հարցազրույց է վերցրել Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսից: «2004 թվականին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ասել էր` «Հայաստանը վկայությունն է այն բանի, որ երկիրը կարող է սերտ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի Դաշնության հետ եւ միաժամանակ հանդիսանալ ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկեր»: Դուք մտավախություն չունե՞ք, որ նոր պայմաններում, երբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները սրված են, իսկ Ռուսաստան - ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը փաստորեն սառեցված է, Հայաստանը ստիպված կլինի ավելի զգուշավոր լինել ՆԱՏՕ-ի հետ իր կապերի զարգացման հարցում` Ռուսաստանի Դաշնության հետ իր հարաբերություններին չվնասելու համար», - հարցնում է լրագրողը: «Այն, ինչ գլխավոր քարտուղարն ասել է 2004 թվականին, շարունակում է արդիական մնալ: Մեր դիրքորոշումը միշտ անփոփոխ է եղել. երկրներն ազատ են իրենց գործընկերների ընտրության եւ համապատասխան հարաբերությունների զարգացման մեջ: Վրաստանի իրադարձություններից հետո ՆԱՏՕ-ի անդամները եկան այն եզրակացության, որ մենք չենք կարող համագործակցել Ռուսաստանի հետ այնպես, ինչպես դա անում էինք նախկինում: Սակայն դա չի նշանակում, որ դաշինքը մտադիր է վերանայել իր հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ: Ես նաեւ համոզված եմ, որ Հայաստանը պետք է ազատ լինի իր որոշումներում, թե ինչպես զարգացնել իր հարաբերությունները դաշինքի հետ` առանց երրորդ կողմերի միջամտության», - պատասխանում է Սիմոնսը:

«Գոլոս Արմենիի» թերթը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի` Ստեփանակերտում կայացած հանդիպմանը երեւանյան բուհերի ուսանողների հետ: Թերթը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի նախագահի դեմոգրաֆիական մտահոգությունները. - «Բակո Սահակյանը հաղորդեց, որ մի շարք միջոցառումների շնորհիվ վերջին շրջանում Արցախում գրանցվել են ռեկորդային արդյունքներ` բնակչության մեխանիկական աճը կազմել է 543 մարդ: Սակայն Ստեփանակերտում դա համարում են միայն սկիզբ: Նախագահը նշում է, որ կառավարությունը իր սոցիալ-դեմոգրաֆիական առանցքում դրել է երիտասարդության խնդիրները: Հետազոտությունները ցույց են տալիս, որ 25 տարեկանից բարձր հինգ հազար քաղաքացիներ չէին ամուսնանում` ընտանիք կազմելու համար միջոցների բացակայության պատճառով: Այս առնչությամբ կառավարությունը նախաձեռնել է մի ծրագիր, որի շրջանակներում ամեն նոր գրանցված ընտանիքի սկսեցին տրամադրել 300 հազար դրամ: Արդյունքները սպասել չտվեցին. այս տարի Լեռնային Ղարաբաղում գրանցվել է 2162 ամուսնություն. ինչը 4,6 անգամ ավելի շատ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Անձամբ ինձ դա շատ ուրախացրեց»:

Lragir am.-ը գրում է. - «Շատերի գնահատմամբ, Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները շրջանառության մեջ է դնում հենց Ռոբերտ Քոչարյանը, իր շրջապատի միջոցով, թերեւս այն մտայնությամբ, որ եթե այդ մասին շատ-շատ խոսվի, ապա դա ինքնաբերաբար կդառնա իրականություն, քանի որ հանրությունն ու իշխող համակարգն անկախ իրենց կամքից կսկսեն հավատալ դրա անխուսափելիությանը: Եթե հիմա Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ ինքը ցանկություն չունի վերադառնալ քաղաքականություն, կնշանակի, որ Ռոբերտ Քոչարյանից չի բխում նրա վերադարձի մասին խոսակցությունը... Անկախ այն բանից, թե արդյոք անկեղծ էր Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե ինքը չունի վերադարձի ցանկություն, կարծես թե աներկբա է, որ Ռոբերտ Քոչարյանի իրական նպատակը սեփական լինելիությունը վկայելն էր: Այսինքն, նա թերեւս ուզում էր ցույց տալ, որ ինքը կա, ունի ցանկություններ, կամ կարող է ունենալ, եւ իր այդ ցանկություններն են իր համար վճռորոշը»:

«Հայոց Աշխարհ»-ը հարցազրույց է վերցրել Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության եւ վերլուծությունների վարչության պետ Վահե Վարդանյանից: Լրագրողը հարցնում է. - «Լա՞վ է, որ մեր բանկերը կապված չեն միջազգային շուկաների հետ, թե՞ վատ»։ «Այս պահին շատ լավ է, որ կապված չեն», - արձագանքում է Վարդանյանը: - «Բայց ընդհանրապես որքան ֆինանսական շուկաներն ինտեգրված են, այնքան տնտեսությունն արագ է զարգանում։ Այսինքն՝ բանկերը կարողանում են դրսից ավելի շատ գումարներ բերել, նվազեցնել տոկոսադրույքները եւ այլն։ Մեր բանկային ակտիվները բավական ցածր են։ Դրանք կազմում են ՀՆԱ-ի ընդամենը 25 տոկոսը։ Միջազգային ֆինանսական շուկաների հետ ինտեգրված չլինելը մեզ համար ունեցավ դրական նշանակություն։ Այն երկրներից, որոնք ունեն զարգացած փողի շուկա, արձանագրվեց կապիտալի արտահոսք։ Քանի որ դեռեւս այդպիսի զարգացած շուկա չունենք, կապիտալի արտահոսք տեղի չունեցավ»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG