Մատչելիության հղումներ

Սուրեն Աբրահամյան. «Մարտի 1»-ի խորհրդարանական հանձնաժողովի նիստը ցինիկ շոու էր»


«Ցինիկ շոու» որակեց մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ուրբաթ օրվա նիստը նույն դեպքերի ուսումնասիրման նպատակով ընդդիմության ստեղծած հասարակական հանձնախմբի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Աբրահամյանը անհեթեթություն համարեց նիստի ժամանակ Հայաստանի գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանի արած հայտարարությունը, թե մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ընդդիմության տարածած տեսանյութի փորձաքննությամբ պարզվել է, որ դրանում պատկերված մարմնի մասերը ոչ թե մարդու են պատկանում, այլ կենդանու. - «Ինչ է, նրա մոտ ԴՆԹ-ի անալիզնե՞ր կային»:

Իսկ Հատուկ քննական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանի այն հայտարարության առնչությամբ, թե տեսաժապավենում պատկերված պատի վրայի հետքերը արյուն չեն, այլ ինչ-որ նյութի մնացորդներ, Սուրեն Աբրահամյանն ընդգծեց, որ ընդդիմությունը այդ տեսանյութում օգտագործել է հենց ոստիկանության կադրերը, որոնցից մեկում պատը հետքերով է պատված, մյուսում արդեն մաքրված է:

Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի վերջին նիստում անդրադարձ էր կատարվել նաեւ ընդդիմության տարածած տեսանյութի այն կադրին, որտեղ վրաերթի են ենթարկում մի քաղաքացու, եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահագն Հարությունյանը հայտարարել էր, թե վրաերթի ենթարկողը ոստիկան չէ, թեեւ նրա ինքնությունը պարզված չէ: Սուրեն Աբրահամյանը տարօրինակ համարեց, որ ավագ քննիչը նման եզրահանգման է եկել, երբ պարզ չէ վրաերթ անողի ինքնությունը. - «Պատժե’ք այդ կարգի ցուցարարին. եթե դուք գիտեք, որ ցուցարար էր` ուրեմն, կարող եք եւ նրան պատժել»:

«Չեմ ուզում ուղղորդել նախաքննական մարմնին, բայց նման անհեթեթ գնահատականներ, ինքնապաշտպանական այդպիսի կատաղի մոլուցք` ինձ համար ուղղակի անհասկանալի էր», - ասաց Աբրահամյանը` ամփոփելով. - «Անկեղծ ասած, այդ աստիճանի շոու, այն էլ` մարդու կյանքին, այս երկրի ապագային վերաբերող հարցերի վերաբերյալ ցինիզմով արտահայտված շոու, վաղուց չէի տեսել, եւ ես համոզված ասում եմ, որ Սամվել Նիկոյանը իր այդ ներկայացմամբ վերջնականապես թաղեց ամբողջ այդ ժամանակավոր հանձնախմբի հեղինակությունը»:

Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք այդ տեսանյութի վերաբերյալ դեռեւս որեւէ եզրակացություն չեն արել, եւ քանի դեռ իրենք չունեն փորձաքննության արդյունքները, ապա հանձնաժողովի նիստի ժամանակ արված բոլոր այդ պնդումներն իր համար ընդամենը հայտարարություններ են եւ հիմք հանդիսանալ չեն կարող:

«Երբ հանձնաժողովին ներկայացնեն արդեն փորձագիտական եզրակացություն` ստորագրված, հաստատված, այ դա հանձնաժողովը կարող է ընդունել որպես հիմք: Բայց այս պահին ես չունեմ: Իրենք խոստացել են, որ դա կներկայացնեն մեկ շաբաթից», - ասաց Նիկոյանը:

Նա վստահեցրեց, որ հաշվի կառնվեն ոչ թե մեկ, այլ բազմաթիվ մասնագետների տեսակետները` ինչպես հայաստանցի, այնպես էլ միջազգային փորձագետների:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG