Մատչելիության հղումներ

Արազ Ազիմով. «Անկարան չի փոխել դիրքորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում»


«Պաշտոնական Անկարան չի փոխել դիրքորոշումը եւ հանդես է գալիս ղարաբաղյան խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում կարգավորելու օգտին», - APA գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

Դիվանագետի խոսքերով` պաշտոնական Բաքուն դրական է գնահատում Թուրքիայի ջանքերը խնդրի կարգավորման ուղղությամբ: «Անկարան ուզում է, որ տարածաշրջանային հակամարտությունը կարգավորվի, եւ շահագրգռված է դրանում», - ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:

Ըստ Ազիմովի, բանակցությունների ձեւաչափը կորոշվի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Նյու Յորքում կայացած հանդիպման արդյունքները վերլուծելուց հետո:

Արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը հանդիպել էին անցած ուրբաթ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի շրջանակներում: Պաշտոնական Երեւանի հաղորդմամբ` հանդիպման ընթացքում վերահաստատվել է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով եւ խաղաղ ճանապարհով: Քննարկվել է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման կազմակերպման հնարավորությունը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG