Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Հովիկ Աբրահամյանը: Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի հրապարակած արդյունքներով` այսօր անցկացված փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցած 115 պատգամավորներից Հովիկ Աբրահամյանին օգտին ձայն են տվել 110-ը, Լարիսա Ալավերդյանի օգտին` 5-ը:

Նախկին փոխվարչապետ եւ Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանին առաջադրել էր իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը:

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն առաջադրվել էր խորհրդարանական միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունից: Նրա օգտին քվեարկել են «Ժառանգության» պատգամավորները:

Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 19-ին, իսկ անցած ուրբաթ օրը կրկնել է հրաժարականը, ինչով այն ընդունված է համարվել:

Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունը աննպատակահարմար էր համարել նրա պաշտոնավարումը որպես Ազգային ժողովի նախագահ եւ այդ պաշտոնում առաջարկել էր Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը:

Այսօրվա քվեարկությանը Տիգրան Թորոսյանը չմասնակցեց:

Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ Հովիկ Աբրահամյանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ուղերձում, որի տեքստը տարածել է նախագահի մամլո գրասենյակը, մասնավորապես, ասված է. - «Ձեր երկար տարիների աշխատանքային փորձը եւ կարողություններն այսօրվանից Դուք ի սպաս եք դնելու մեր երկրի խորհրդարանի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Վստահ եմ, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ձեր գործունեությունն ուղղված է լինելու Հայաստանում իրականացվող բարեփոխումների խորացմանը»:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրել են Հովիկ Աբրահամյանի կենսագրական տվյալները.

Ծնվել է 1958 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում: Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տարբեր տարիների պաշտոնավարել է որպես Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ, Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն, Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ, Արտաշատի քաղաքապետ, Արարատի մարզպետ, Հայաստանի տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար: 1995-99 թվականներին եղել է Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր:

2007-2008 թվականներին Հովիկ Աբրահամյանը պաշտոնավարել է որպես փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար: Ապրիլի 21-ին նշանակվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար: Օգոստոսի 24-ին ընտրվել է չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

2005 թվականից Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի անդամ է:

Երեւանի պետհամալսարանի եւ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհուրդների անդամ է:

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ է:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG