Մատչելիության հղումներ

Ըստ նախնական արդյունքների` Կենտրոնի եւ Նոր Նորքի թաղապետները վերընտրվել են


Երեւանի Կենտրոն եւ Նոր Նորք համայնքներում կիրակի օրը անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով, վերընտրվել են գործող թաղապետները` հանրապետականներ Գագիկ Բեգլարյանը եւ Դավիթ Պետրոսյանը:

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների` Կենտրոնում քվեարկությանը մասնակցած 31691 ընտրողներից Գագիկ Բեգլարյանի օգտին քվեարկել են 22369-ը, ընդդիմության թեկնածուի` Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի օգտին` 8085-ը, անվավեր քվեաթերթիկների թիվը 1117 է:

Նոր Նորք համայնքում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած նախնական արդյունքների, քվեարկությանը մասնակցած 29395 ընտրողներից գործող թաղապետ Դավիթ Պետրոսյանի օգտին քվեարկել են 16913-ը, իսկ նրա մրցակից` նույնպես հանրապետական Մելիք Գասպարյանի օգտին` 10982-ը, անվավեր քվեաթերթիկների թիվը 1479 է:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը, երեկ օրվա ընթացքում այցելելով Կենտրոն համայնքը ընդգրկող թիվ 10 ընտրատարածքի 7 տեղամաս, գրեթե բոլոր տեղամասերի մոտ մարդկանց եւ ավտոմեքենաների կուտակումների ականատես եղավ, ընդ որում` ոչ ոստիկանները եւ ոչ էլ ընտրական հանձնաժողովների նախագահները միջոցներ չէին ձեռնարկում կուտակումները վերացնելու ուղղությամբ:

Ընտրական տեղամասերը տեղակայված էին հիմնականում դպրոցներում եւ մանկապարտեզներում` յուրաքանչյուրում մեկից ավելի տեղամաս: Եվ վստահված անձինք պնդում էին, թե ընտրողները հեշտությամբ մուտքից մուտք, տեղամասից տեղամաս էին մտնում քվեարկության:

Մասնավորապես, թիվ 10/30 տեղամասում «Թրանփերենսի ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնից դիտորդ Սոնա Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Դրսում խմբված մարդիկ կային, եւ երկրորդ հարկի անցումով մասնաշենքից մասնաշենք տարբեր մարդիկ են վազվզում այս կողմ-այն կողմ: Երբ փորձեցինք լուսանկարել` նրանք վերցրեցին ապարատը, միջի ժապավենը հանեցին եւ ապարատը ինչ-որ ժամանակ անց վերադարձրեցին` հայհոյանքներով: Այստեղ ոստիկանները ընդհանրապես չեն վերահսկում, նախագահը պարզապես չի դիմել ոստիկաններին: Նախագահին ենք ասել, նախագահը տեղյակ է»:

Հանձնաժողովի նախագահների վերաբերմունքից դժգոհեցին մի շարք այլ տեղամասերում ավագանու անդամների թեկնածուների վստահված անձինք:

Մի քանի տեղամասում, հատկապես` թիվ 10/06, 10/07, 10/09, 10/52, քվեախցիկներում երկուական հոգի էին քվեարկում: Մեկի համար պատճառաբանեցին, թե լավ չի տեսնում, մյուսի համար` թե լավ չգիտե, թե ինչպես պետք է քվեարկի, մեկ այլ դեպքում հանձնաժողովի անդամները հայտարարում էին, թե քվեարկողները ամուսիններ են:

Արարատ Զուրաբյանի ընտրական շտաբի աշխատանքները համակարգող Խաչատուր Քոքոբելյանը երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ժամը 17:00-ի դրությամբ արդեն ավելի քան 50 կոպիտ խախտում են արձանագրել. - «10/51, 10/52, 10/53 տեղամասերում ամենաբռնի դեպքերն են գրանցվել, այսինքն` վստահված անձերին եւ նույնիսկ հանձնաժողովի անդամին` «Ժառանգության» ներկայացուցչին, բռնի կերպով դուրս են հանել, եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Հովսեփ Խուրշուդյանի ներկայությամբ տեղի է ունեցել լցոնում: Դա արձանագրվել է, հանձնաժողովը այդ արձանագրությունը չի վերցրել, մենք ընտրատարածքային հանձնաժողով ենք ներկայացնելու, այնուհետեւ կներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նույն տիպի կոպիտ խախտումներ տեղի են ունեցել թիվ 10/33, 10/29, 10/30, 10/31 տեղամասերում, եւ 10/32, 10/33 տեղամասերում լրագրողներին արգելել են մտնել տեղամասի տարածք»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե «այն, ինչ տեղի ունեցավ 10/52 ընտրական տեղամասում, որը գտնվում է Կիլիկիայում, այլ կերպ, քան կրիմինալ հեղափոխություն, ես որակել չեմ կարող»: Խուրշուդյանի բնորոշմամբ` նման «խայտառակ» ընտրությունների ինքը երբեւէ ականատես չի եղել:

Գագիկ Բեգլարյանի շտաբի ներկայացուցիչ Գագիկ Գյանջումյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «բնականոն» որակեց քվեարկության ընթացքը եւ ասաց, որ իրենք խախտում չեն արձանագրել:

Կիրակի օրը նաեւ ավագանու ընտրություններ են անցկացվել մայրաքաղաքի հիշյալ երկու, ինչպես նաեւ Ավան, Նորք-Մարաշ, Դավիթաշեն եւ Շենգավիթ համայնքներում: Կենտրոնում ավագանու անդամ է ընտրվել ընդդիմության ներկայացուցիչ` Հայոց համազգային շարժման երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Կարապետյանը:

Այսօր ժամը 14-ին ավարտվեց վերահաշվարկի պահանջով դիմում ներկայացնելու ժամկետը: Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանի փոխանցմամբ` համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները վերահաշվարկելու 12 դիմում են ներկայացրել Գագիկ Բեգլարյանի վստահված անձինք, ավագանու ընտրության արդյունքները վերահաշվարկելու պահանջ է ներկայացրել «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցությունից ավագանու անդամի թեկնածու Կարեն Վարդանյանը, ով պահանջել է վերահաշվարկ կատարել տվյալ ընտրատարածքի 54 բոլոր տեղամասերում:

Արարատ Զուրաբյանի շտաբից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ իրավաբանների հետ փաստաթղթեր են պատրաստում, որպեսզի տեղի ունեցած խախտումների վերաբերյալ դիմեն համապատասխան իրավապահ մարմիններին:

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը այսօր երեկոյան հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. - «Կենտրոն համայնքում թաղապետական ընտրությունները նույնպես անցան գործող ավազակապետությանը հատուկ ահաբեկչական մթնոլորտում: Գիտակցելով Կենտրոնում պարտվելու քաղաքական հետեւանքները, վարչախումբը ոչ միայն գործի դրեց ընտրախախտումների իր ողջ զինանոցը, այլեւ այն հարստացրեց նոր միջոցներով։ Մինչեւ վերջ օգտագործվեց քրեական տարրը եւ կիրառվեցին քրեորեն հետապնդելի բազմաթիվ միջոցներ»:

«Իրականում վարչախմբի ամեն մի այսօրինակ «հաղթանակը» նրա խայտառակ պարտությունն է, դրանք գումարվելով մոտեցնում են նրա վախճանը։ Համաժողովրդական պայքարը բերելու է ազատության, ժողովրդավարության ու օրինականության փառահեղ ու վերջնական հաղթանակի», - հավաստիացնում է Հայ ազգային կոնգրեսը:


Կարինե Քալանթարյան եւ Տաթեւիկ Լազարյան

(Լուսանկարում` Գագիկ Բեգլարյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG