Մատչելիության հղումներ

logo-print

Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները


Ուրբաթ օրը Նյու Յորքում կայացել է եռակողմ ձեւաչափով հանդիպում` Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների մասնակցությամբ, որի ընթացքում, Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, քննարկվել են «տարածաշրջանային վերջին զարգացումները եւ կովկասյան պլատֆորմի ստեղծման նախաձեռնությունը»:

Այդ հանդիպմանը նախորդել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Մեթյու Բրայզայի, Յուրի Մերզլյակովի եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: «Օրակարգում է եղել Մինսկի խմբի շրջանակներում 2007 թվականին համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը: Հանդիպման ընթացքում վերահաստատվել է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով եւ խաղաղ ճանապարհով», - փոխանցում է Հայաստանի արտգործնախարարությունը:

Դրանից հետո Նալբանդյանն ու Մամեդյարովը արդեն առանձնազրույցի ընթացքում քննարկել են «հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ կողմերի դիրքորոշումների մոտեցման ուղիները եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման կազմակերպման հնարավորությունը»:

Մինչեւ եռակողմ հանդիպումը Էդվարդ Նալբանդյանը բանակցություններ է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները` երկու երկրների նախագահների հանձնարարությունների հիման վրա, շարունակել են երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քննարկումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG