Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մնում է հայտարարել, որ մարտի 1-ին սպանված էլ չի եղել» վերնագրի ներքո «Հայք»-ը գրում է. - «Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարական ժամանակավոր հանձնաժողովի երեկվա քննարկման առարկան նույն իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ընդդիմության ձեւավորած հասարակական հանձնախմբի տարածած տեսանյութն էր, որի որոշ դրվագներ փորձաքննության էին ենթարկել Հատուկ քննչական ծառայությունը եւ Դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնը: Քննարկումը վերածվեց իսկական թատերական ներկայացման: Վարչախումբը մեկ անգամ եւս ապացուցեց, որ որեւէ մտադրություն չունի հայտնաբերել եւ պատժել մարտի 1-ի ոճրագործության կազմակերպիչներին, մարդասպաններին եւ մարդկանց խոշտանգողներին»:

«Առավոտ»-ը նշում է. - «Որ այս հանձնաժողովի հանդեպ ընդդիմության անվստահությունը հիմնավոր էր, ապացույցը դարձավ այս նիստը, որը ընթացավ «Հերքում, հերքում, հերքում մինչեւ վերջ» նշանաբանով եւ խիստ միակողմանի հարցադրումներով»:

«Հերքվեց հերթական սուտը» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Քննչական խմբի ղեկավարի եւ փորձագետի բացատրությունները կարծես թե համոզեցին հանձնաժողովի անդամներին: Հավաստիանալով, որ այդ ամենը սոսկ միտումնավոր ապատեղեկատվություն է, որով մարդկանց փորձում են խաբել եւ թյուրիմացության մեջ գցել, վերջիններս օրինաչափ հարցադրումների արեցին` ինչո՞ւ դատախազությունը չի գտնում եւ օրինական պատասխանատվության ենթարկում ստահոդ լուրեր տարածողներին, մինչեւ ե՞րբ պիտի անպատիժ մնան մարտի 1-ից ի վեր հորինովի «սարսափ պատմություններ», ասեկոսեներ տարածող անձինք, որ ժողովրդին վախեցնում են «հարյուրավոր դիակների, սպանված հղի կնոջ եւ այլ չեղած բաների մասին հեքիաթներով»:

«Հայկական ժամանակ»-ը «Բորենիների խրախճանքը» վերնագրի ներքո ընդգծում է. - «Այն, ինչ երեկ տեղի ունեցավ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի հերթական նիստում, այլ կերպ, քան խայտառակություն, հնարավոր չէ որակել: Ազգային ժողովի պատգամավորներ, մարդիկ, ովքեր իրենց համարում են քաղաքական գործիչ եւ նույնիսկ նախագահի թեկնածու են առաջադրվում, մարդիկ, որոնք զբաղեցնում են պետական պատասխանատու պաշտոններ եւ օրենսդրությամբ կոչված են ճշմարտությունը բացահայտել, բոլորը միասին քափ ու քնտինք կտրած փորձում էին հերքել հանրահայտ իրողությունները»: «Այսպիսով կարծում ենք, ժամանակն է, որ նիկոյանական հանձնաժողովը այլեւս ձեւեր չթափի եւ անվանափոխվի ու կոչվի իրական անունով` Ազգային ժողովի մարտի 1-ի դեպքերը հերքող ժամանակավոր հանձնաժողով»:

«Չորրորդ իշխանություն»-ը հեգնում է. - «Կադրերը կապ չունեն. կարեւորը` ականատեսների վկայություններ կան: Հարկ եղած դեպքում նրանք կպատմեն, որ կադրերում ոչ թե արյուն է, այլ կոկա-կոլա, սպեցնազը ոչ թե չերյոմուխայի փամփուշտներով է կրակել, այլ սնիկերսներով... »:

Հյուսիսային պողոտայում երեկ անցկացված հանրահավաքի մասին «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Այն ջարդեց իշխանությունների բոլոր պատրանքներն առ այն, որ Համաժողովրդական շարժումը կարող է ժամանակի ընթացքում մարել, իսկ ժողովուրդն էլ կարող է հուսահատվել: Իշխանությունները հասկացան, որ մարդկանց ոգեւորությունը ոչ միայն չի մարել, այլ նաեւ` կրկնապատկվել է»:

«Քանի որ նշանակված ժամին պողոտայում հավաքվածների թիվը շատ քիչ էր` առայժմ միայն քաղաքական զբոսանքի մշտական մասնակիցներն էին տեղում, կազմակերպիչները որոշեցին մի քիչ ժամանակ ձգել, որպեսզի միտինգավորները հավաքվեն: Բայց անօգուտ», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը: - «40 րոպե անց էլ պողոտայի փոքրիկ հրապարակը չլցվեց»:

«Հրապարակ»-ը խմբագրականում ընդգծում է. - «Այն ոգեւորությունը, որ երեկ տիրում էր Հյուսիսային պողոտայում, վկայում է, որ հասարակությունը պատրաստ է եւ ուզում է պայքարել, եւ որ այդ պայքարի միակ ձեւը բոլորովին էլ հանրահավաքները կամ նստացույցերը չի համարում: Ժողովուրդը քաղաքական պայքարի պահանջ է դնում եւ հասկանում է, որ երկրորդական ու առաջնային ընտրություններ չկան: Բավական է գոնե մեկ ընտրություն մեզանում արդար ու ազնիվ անցնի, դրանով սկիզբ կդրվի նոր ժամանակներին: Դրանից հետո դժվար կլինի կեղծելն ու պարտադրելը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG