Մատչելիության հղումներ

logo-print

Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Մայր Աթոռի Ս. Վարդան եւ Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանը


Ուրբաթ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի ունեցավ նորակառույց Ս. Վարդան եւ Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանի օծման արարողությունը: Մատուռ-մկրտարանը կառուցվել է լոնդոնաբնակ բարերար, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հովանավորությամբ:

Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնով օծեց նորակառույց մկրտարանի Ս. Սեղանը, չորս ավետարանիչների անունները կրող խորանի սյուները եւ Սուրբ Ավազանները:

«Մայր Տաճարում աղոթական կյանքի պահանջներից թելադրված` ժամանակին մկրտարանը հաստատվեց Ղազարապատ շենքի մի հատվածում, քանզի Խորհրդային շրջանում հնարավոր չէր նոր մկրտարան կառուցել: Ուրախության առանձնակի զգացումով են համակված այսօր մեր հոգիները եւ մենք փառք ենք մատուցում Բարձրյալին, որ նոր աղոթատուն է հառնել Մայր Տաճարի հայացքի ներքո, հովանու ներքո Միածնաէջ մեր սրբօրրանի, որն առավել պայծառություն է հաղորդում պատմական եւ նվիրական մեր Մայրավանքին, պայծառությունը` մեր ազատ կյանքի, մեր վերականգնված պետականության», - իր խոսքում ասաց Վեհափառ Հայրապետը: - «Նորաշուք, վարդաքար մկրտարանը մեր աղոթքներն է բարձրացնելու երկինք Սուրբ Վարդան Զորավարի եւ Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությամբ: Արդարեւ, կառուցվող ամեն աղոթատան հետ Աստված ավելի է մոտենում մեր ժողովրդին, եւ երկնային օրհնությունը առավել առատանում մեր կյանքում»:

Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց մկրտարանի բարերար Արմեն Սարգսյանին, եւ ի գնահատություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին բերած իր եկեղեցաշեն ծառայությունների, նրան շնորհեց Հայ Առաքելական Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանը` մաղթելով, որ Տերը երկար ու երջանիկ օրեր եւ ամենայն հաջողություններ պարգեւի բարերարին եւ նրա ընտանիքին:

Մատուռի օծման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի կառավարության անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան օտարերկրացի հյուրեր, ազգային բարերարներ, մշակույթի անվանի գործիչներ եւ բազմաթիվ ուխտավոր հայորդիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG