Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյանը ուրբաթ օրը Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի երկրորդ դիմումն է ներկայացրել խորհրդարանի փոխնախագահ Հրայր Կարապետյանին, ինչով հրաժարականը համարվում է ընդունված:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` խորհրդարանի նախագահի պարտականությունները կկատարի Հրայր Կարապետյանը:

Ազգային ժողովի նախագահի ընտրությունը նախատեսվում է սեպտեմբերի 29-ին սկսվող քառօրյա նիստում:

Հրաժարականի առաջին դիմումը Տիգրան Թորոսյանը ներկայացրել էր Ազգային ժողովի սեպտեմբերի 19-ի արտահերթ նիստում: Հրաժարականը ընդունված է համարվում, երբ Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված հնգօրյա ժամկետից անմիջապես հետո այն կրկնվում է:

Նախկին փոխվարչապետ, Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանը, ում թեկնածությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրում է իշխող Հանրապետական կուսակցությունը, պատգամավորական մանդատը ստանալուց հետո չէր այցելել Ազգային ժողով: Ուրբաթ օրը նա խորհրդարանում էր եւ «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ հանդիպել է Տիգրան Թորոսյանի հետ: Հանդիպումը կայացել է Թորոսյանի կողմից հրաժարականի դիմումը վերահաստատելուց քիչ հետո` Ազգային ժողովի նախագահի աշխատասենյակում:

«Հանդիպել եմ, պարոն Թորոսյանի հետ զրուցել եմ մոտ մեկ ժամ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հովիկ Աբրահամյանը` բնութագրելով իր եւ Տիգրան Թորոսյանի հարաբերությունները իբրեւ «շատ ջերմ, ընկերական, աշխատանքային, շատ նորմալ»:

Հովիկ Աբրահամյանը հանդիպեց նաեւ ընդդիմադիր «ժառանգություն» խմբակցության հետ: Հանդիպումից հետո նա փոխանցեց իր տպավորությունները. - «Կոնստրուկտիվ քննարկում էր, եւ ես ակնկալում եմ իրենց աջակցությունը: Մենք քննարկեցինք իրենց հուզող հարցերը, երեւի մեկ ժամ տեւեց: Ես շատ գոհ եմ ընթացքից եւ համոզված եմ, որ եթե հաջողվի` ես ընտրվեմ Ազգային ժողովի նախագահ, մենք «Ժառանգություն» խմբակցության հետ շատ կառուցողական կաշխատենք»:

«Ընդդիմադիր խմբակցության հետ հնարավո՞ր է ընդհանուր հայտարարի գալ», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Հովիկ Աբրահամյանը արձագանքեց. - «Հասկացա, որ «Ժառանգություն»-ը բոլոր ճիշտ հարցերին կողմնակից է, ոչ թե ընդդիմադիր է: Իսկ ես փորձելու եմ, որ հարցերը բոլորը լինեն ճիշտ, բխի մեր ժողովրդի, մեր պետության շահերից»:

Թե ինչու է խմբակցությունների հետ հանդիպումները սկսում հենց «Ժառանգություն»-ից` Աբրահամյանը այսպես պարզաբանեց. - «Քանի որ այսօր իրենց հարմար էր: Իսկ մյուս խմբակցությունների հետ` երկուշաբթի օրը»:

Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը չէին մասնակցում «Ժառանգություն» խմբակցության Երեւանից բացակայող անդամները` Րաֆֆի Հովհաննիսյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Ստեփան Սաֆարյանը:

«Ազատություն» ռադիոկայանին ներկայացնելով հանդիպման մանրամասները` խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, մասնավորապես, ասաց. - «Հարցեր ենք տվել, հարցադրումներ ենք արել բոլոր թեմաներից` տնտեսական, քաղաքական, Ազգային ժողովի կանոնակարգ, փոփոխություններ, բարեփոխումներ: Մեր մոտեցումներն ենք ներկայացրել, փորձել ենք իմանալ նրա կարծիքը, նաեւ ինքը իր մոտեցումներն է, բնականաբար, ներկայացրել: Ինքը այդ տրամադրվածությունը ներկայացրեց, որ ցանկանում է բարեփոխումներ իրականացնել, մնացածը արդեն հետագան ցույց կտա: Աշխատանքի արդյունքում է, որ երեւում է ճշմարիտ խոսքը, ճշմարիտ արարքը: Ժամանակը, կարծում եմ, ամեն ինչ ցույց կտա»:

«Սա առաջին հանդիպումը չէ նմանատիպ կարգավիճակով: Միշտ էլ բոլոր թեկնածուները, որոնք պաշտոնների են հավակնել, մեզ հետ հանդիպել են», - ընդգծեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG