Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը այսօր անցկացրեց իր նախատեսած հանրահավաքը Երեւանի Հյուսիսային պողոտայում` ի պաշտպանություն Կենտրոն համայնքի թաղապետի թեկնածու, Հայոց համազգային շարժման նախագահ Արարատ Զուրաբյանի:

Հանրահավաքին մասնակցում էր եւ ելույթ ունեցավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով Կենտրոնի բնակիչներին կոչ արեց միահամուռ կերպով մասնակցել կիրակի օրվա ընտրություններին եւ կողմ քվեարկել Արարատ Զուրաբյանին, «որովհետեւ Արարատ Զուրաբյանի հաղթանակը համաժողովրդական շարժման հաղթանակն է, Հայ ազգային կոնգրեսի հաղթանակն է, մեր ողջ ժողովրդի հաղթանակն է»:

«Երկրորդ կոչս. թախանձում եմ, պահանջում` գիտակցել եւ զանգվածաբար անդամագրվել Հայ ազգային կոնգրեսին, որովհետեւ դա է մեր պետության առողջ ապավենը», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը` շարունակելով. - «Եվ երրորդ կոչը. խնդրում եմ, թախանձում, պահանջում` հոկտեմբերի 17-ին հարյուր հազարներով մասնակցել մեր հանրահավաքին, որտեղ ես տակտիկական գաղտնիքներ չեմ բացահայտի, բայց ազնվաբար, անկեղծորեն ձեզ կներկայացնեմ մեր հետագա պայքարի ստրատեգիան` ոչինչ չթաքցնելով ձեզանից»:

Ելույթ ունեցան նաեւ ընդդիմադիր այլ գործիչներ:

Չնայած հանրահավաքը արտոնված չէր, այն իրավապահների կողմից չխոչընդոտվեց: Ոստիկանական ուժերի զգալի մասը տեղակայվել էր Օպերային հարող տարածքի շինհրապարակում եւ հանգիստ հետեւում էր բազմությանը:

Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը չորեքշաբթի օրը կայացած ասուլիսում հայտարարել էր, թե «այլեւս չի հանդուրժելու չարտոնված հանրահավաքները»:

Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, հաստատակամ էին հանրահավաքը անցկացնելու իրենց որոշման մեջ եւ պնդում էին, որ ոստիկանությունը իրավունք չունի բռնությամբ խոչընդոտել, եթե անգամ միջոցառումը արտոնված չէ:


Ռուզաննա Ստեփանյան եւ Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG