Մատչելիության հղումներ

logo-print

Արարատ Զուրաբյան. «Խոսել ընդդիմության ընտրակեղծիքների մասին` անհեթեթություն է»


Երեւանի Կենտրոն համայնքում կիրակի օրը անցկացվելիք թաղապետի ընտրություններում հաղթանակի հասնելու համար գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանը գործի է դնելու ընտրակեղծիքների մի ողջ համակարգ: Այդ մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց թաղապետի ընդդիմադիր թեկնածու, Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը` վկայակոչելով իրենց ունեցած տեղեկությունները:

«Հավատացած եղեք, որ բոլոր այն ընտրակեղծիքների տեսակները, որ եղել են նախագահի ընտրության ժամանակահատվածում, բոլոր այն ընտրակեղծիքները, որ եղել են ցանկացած ընտրության ժամանակ, լինելու են Կենտրոն համայնքում», - ասաց Զուրաբյանը:

Հակադարձելով Գագիկ Բեգլարյանին, ով ընտրակեղծիքների պատրաստվելու մեջ մեղադրում է հենց ընդդիմությանը, թաղապետի ընդդիմադիր թեկնածուն ասաց. - «Իմ մրցակիցները ներկայացրել են գրեթե ամբողջ [ընտրական] հանձնաժողովը, եւ «Ժառանգություն» կուսակցությունը ունի մեկ հանձնաժողովի անդամ, մնացած բոլոր հանձնաժողովի անդամները իշխանության ներկայացուցիչն են կամ մասնիկն են: Եվ խոսել ընդդիմության ընտրակեղծիքների մասին` նշանակում է հստակ նախապատրաստել ընտրակեղծիքներ եւ վաղը փորձ կատարել դրա մեղքը գցել ընդդիմության վրա: Բոլորը գիտեն` ովքեր են ընտրակեղծարարները Հայաստանում, բոլորը շատ լավ պատկերացնում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, եւ խոսել ընդդիմության կողմից իրականացվելիք ընտրակեղծիքների մասին` ընդհանրապես անհեթեթություն է, անթույլատրելի է եւ որեւէ տրամաբանական բացատրության չի ենթարկվում»:

Երեկվանից Հայաստանում է Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը դիտարկելու է սեպտեմբերի 28-ի ընտրությունները: Պատվիրակության անդամները երեկ հանդիպել են Արարատ Զուրաբյանին, ով դիտորդներին է փոխանցել հնարավոր ընտրակեղծիքների հետ կապված իր մտահոգությունները:

«Կարծում եմ, շատ դրական է, որ այստեղ նաեւ միջազգային կառույցի ներկայացուցիչներ կան, եւ դա որոշակիորեն կարող է նպաստել գործընթացի նորմալ ընթացքին», - նշեց Զուրաբյանը` հավելելով. - «Բայց էլի եմ ասում` ամեն ինչ կախված է մեր իշխանությունների կամքից, ընդ որում` ոչ թե տեղական իշխանության, այլ ավելի բարձր իշխանության մարմինների ներկայացուցիչներից, որովհետեւ նրանց տրված է շանս` մեկ անգամ նորմալ ընտրություն անցկացնել»:

ՀՀՇ-ի վարչության նախագահը խոսեց նաեւ իր քարոզարշավի ընթացքում իշխանությունների կողմից ստեղծված խոչընդոտների մասին: Մասնավորապես, ըստ նրա, գրեթե բոլոր հեռուստաընկերությունները` բացառությամբ ԱԼՄ-ի, հրաժարվել են ընդդիմության ներկայացուցչին վճարովի եթերաժամ տրամադրել. - «Բոլոր հեռուստատեսությունները գրեթե հրաժարվել են դա անելուց, երկուսը համաձայնել էին` «Երկիր մեդիա»-ն եւ ԱԼՄ-ն, ԱԼՄ-ն երեկ ցուցադրեց, փաստորեն, մեր հոլովակը, իսկ «Երկիր մեդիան»-ն մեկ անգամ ցույց տալուց հետո հրաժարվեց ցուցադրել այլեւս եւ ասաց, որ խզում է պայմանագիրը: Կարծում եմ, բոլորիս համար ակնհայտ է, թե ինչ պատճառ կա այստեղ»:

Թաղապետի ընդդիմադիր թեկնածուն խնդիրներ է ունեցել նաեւ նախընտրական հանրահավաքներ անցկացնելու հետ կապված: Քաղաքապետարանը մերժել էր Արարատ Զուրաբյանի` Մատենադարանին հարող տարածքում այսօր հանրահավաք անցկացնելու հայտը, նշելով, թե այնտեղ մշակութային միջոցառում է նախատեսված, եւ առաջարկել էր Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարող տարածքը:

Զուրաբյանը, մինչդեռ, պատրաստվում է այսօր իր հանրահավաքն անցկացնել Հյուսիսային պողոտայում:

Հանրահավաքն արտոնված չէ, եւ ոստիկանապետն այս շաբաթ զգուշացրել է ընդդիմությանը` հրաժարվել չարտոնված հանրահավաքների անցկացումից, ինչին ՀՀՇ-ի ղեկավարը հակադարձեց. - «Ես գտնում եմ, որ ոստիկանությունը կարող է միջամտել միայն մի դեպքում` երբ կատարվում է կարգի խանգարում, բայց ոչ թե հենց ինքը հանդիսանա կարգի խանգարողը եւ փորձի մարդկանց հալածել, ծեծել, ոտնատակ տալ, տանել ոստիկանական բաժիններ, փորձել գործեր սարքել: Ես գտնում եմ, որ ոստիկանությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հանրահավաքի մասնակիցներին ոչ ոք չխանգարի, որովհետեւ հանրահավաքը իրենց սահմանադրական իրավունքն է, եւ նրանց խոչընդոտելն է հենց օրենքի խախտում»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG