Մատչելիության հղումներ

«Մարդկության առջեւ ծառացած մարտահրավերները վերջին տասնամյակներում այնպիսի վերակերպում են ապրել, որ այլեւս անհնար է դրանց արձագանքել միայն Երկրորդ աշխարհամարտի ավարտին ձեւավորված կառույցների միջոցով», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում իր ելույթում: Նա ընդգծել է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության նոր, հուսալի եւ գործնականում կենսունակ համակարգի ստեղծման անհրաժեշտությունը:

Նոր մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու հիմնական ձեւերից մեկը համարելով տարածաշրջանային համագործակցությունը` Սերժ Սարգսյանը ասել է. - «Հայաստանը միշտ էլ հանդես է եկել այդօրինակ համագործակցությունը խրախուսելու դիրքերից: Եվ մենք համոզված ենք նաեւ, որ համագործակցությունը պետությունների միջեւ առկա խնդիրների լուծման լավագույն միջոցն է: Դրա համար անհրաժեշտ են բաց սահմաններ, խաչաձեւվող հաղորդակցման ուղիներ, փոխկապակցգված տնտեսական համակարգեր»:

«Հարեւան պետությունների միջեւ միշտ եղել են եւ կարող են լինել խնդիրներ: Եվ այդ խնդիրները երբեք չեն կարող լուծվել, եթե չլինի երկխոսություն: Այդ գիտակցմամբ ես, օգտվելով Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների հանդիպման առիթից, հրավիրեցի Թուրքիայի նախագահին Երեւան: Ինձ ուրախացրեց հրավերն ընդունելու նախագահ Գյուլի համարձակ քայլը, որով նա դարձավ «ֆուտբոլային դիվանագիտության» իմ առաջարկի համահեղինակը», - նշել է Հայաստանի նախագահը: - «Մենք քննարկեցինք երկկողմ եւ տարածաշրջանային նշանակության բազմաթիվ հարցեր: Ամենակարեւորն այն է, որ համաձայնեցինք առկա խնդիրները չթողնել գալիք սերունդներին: Ես հավատում եմ, որ հայ - թուրքական հարաբերություններում իսկապես եկել է խնդիրները լուծելու ժամանակը, եւ այդ հարցում պատրաստակամություն տեսա նաեւ նախագահ Գյուլի մոտ: Համոզված եմ, որ նշված ուղղությամբ պետք է արագ եւ վստահ առաջ շարժվել»:

«Վերջին շաբաթների իրադարձությունները ցնցեցին Հարավային Կովկասի տարածաշրջանը: Կարծում եմ, որ դրանք պարունակում էին լուրջ դասեր բոլորիս համար», - հայտարարել է Հայաստանի նախագահը` կանգ առնելով այդ դասերից երկուսի վրա. - «Առաջին. Մենք` ՄԱԿ-ի անդամ-պետություններս, պետք է խստորեն հետեւենք ՄԱԿ-ի կանոնադրության տառին եւ ոգուն: Եթե որեւէ երկիր կարճ ժամանակում մի քանի անգամ մեծացնում է իր ռազմական բյուջեն եւ հպարտանում դրանով, եթե խախտվում են միջազգային պայմանագրերով ամրագրված սպառազինությունների սահմանաչափերը, եւ դա արվում է բացեիբաց, եթե մի երկիր, որը կնքել է զինադադար, ամեն առիթով սպառնում է վերսկսել պատերազմը, ապա դա պետք է արագ ու հստակ արձագանք ստանա: Մենք պետք է հստակ ամրագրենք, որ գործող զինադադարի խախտումը կամ խախտման սպառնալիքն ինքնին ագրեսիայի բաղադրիչներ է պարունակում: Երկրորդ. Հասունացել է ազգերի ինքնորոշման իրավունքին լուրջ անդրադարձ կատարելու անհրաժեշտությունը: Մեր ժամանակներում ժողովուրդների համար ինքնորոշման մասին խոսելն անգամ «ինքնասպանությանը» հավասարազոր է դարձել: Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը հանդիսացող ինքնորոշման իրավունքը դարձել է ժողովուրդների արտաքսման, էթնիկ զտումների, ցեղասպանությունների պատճառ»:

«Մենք հեռու ենք այն մտքից, որ ինքնորոշման յուրաքանչյուր հայտ պետք է հանգուցալուծվի անջատման տեսքով: Բայց նաեւ տեսնում ենք, որ ավելի ու ավելի հաճախ հենց դա է դառնում առկա հակամարտությունների կարգավորման ելքը: Մինչդեռ, երբ ժողովուրդն, այնուամենայնիվ, հասնում է անքակտելի իր իրավունքի իրականացմանը, բոլորը միաձայն սկսում են տվյալ դեպքը «բացառություն» կոչել: Սա արդեն մեզանում, կարծես, դառնում է օրինաչափություն», - ընդգծել է Սերժ Սարգսյանը` շարունակելով. - «Իհարկե, արդյունավետ եւ կայուն լինելու համար անջատման միջոցով ինքնորոշման իրավունքի իրականացումը պետք է ստանա ներգրավված բոլոր կողմերի համաձայնությունը: Դա է պատճառը, որ մենք շարունակում ենք ակտիվ բանակցություններն Ադրբեջանի հետ` ձգտելով հասնել այդ երկրի կողմից գրեթե երկու տասնամյակ փաստացի անկախ պետության կարգավիճակով ապրող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը»:


«Օրինական ճանապարհով ինքնորոշման իր ձգտումը հռչակած Ղարաբաղի ժողովրդին պարտադրվեց դաժան պատերազմ: Տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած էր բնաջնջման վտանգի առաջ: Այն ժամանակ դա ընդամենը ինքնավար մարզ էր, որը չուներ ո՛չ կանոնավոր բանակ, ո՛չ զենք ու զինամթերք, ո՛չ Ադրբեջանի տարածքներ գրավելու ցանկություն եւ ո՛չ էլ այդպիսի կարողություն: Համարում եմ, որ առնվազն արդար չէ այդպիսի պատերազմում իր գոյության իրավունքը պաշտպանած ժողովրդին «օկուպանտ» անվանել: Այնինչ, Ադրբեջանը դա է անում` օգտագործելով նաեւ այս բարձր ամբիոնը», - հայտարարել է Հայաստանի նախագահը եւ հիշեցրել, որ ամիսներ առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քվեարկության մասնակցած 146 երկրներից 39-ի «կողմ» ձայնով մի բանաձեւ ընդունվեց, «որը որոշակի առնչություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի դրվագներից մեկի հետ»:

«Խորն արմատներ ունեցող, ցավալի եւ արյունոտ զարգացումներ ապրած, խաղաղ հանգուցալուծմանը միտված մեծածավալ ջանքեր ստացած, բարդ եւ զգայուն հիմնախնդրին առնչվող որոշում կայացվեց հենց այնպես, մեծամասամբ կողմերից մեկին զորակցելու շահադրդմամբ: Իսկ արդյունքը շատ եւ շատ կանխատեսելի էր` պատերազմի հռետորության նոր ալիք Ադրբեջանում, կեղծ դափնիներ` քաղաքական շահարկումներում եւ այլն», - ասել է Սերժ Սարգսյանը եւ հավելել. - «Բայց մի՞թե իրականում այս որոշումը արջի ծառայություն չէր հենց նույն Ադրբեջանին: Ես հուսով եմ, որ Ադրբեջանի իրական շահն էլ ոչ թե խնդրի առանձին հատվածների վերաբերյալ տարաբնույթ միջազգային որակումներն են, այլ խաղաղ եւ համալիր հանգուցալուծումը: Ճիշտ այնպես, ինչպես եւ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի Հանրապետության շահն է դա: Հենց դրան է ուղղված Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող հայտնի գործընթացը, եւ, կարծում եմ, որ հենց այդ գիտակցութամբ էր, որ ՄԱԿ-ի անդամ երկրների շուրջ 4/5-ը չպաշտպանեց բանաձեւը: Տեսե՛ք, ինչպես քվեարկեցին ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը` ղարաբաղյան հիմնախնդրի եւ նրա հանգուցալուծման գործընթացի վերաբերյալ, թերեւս, ամենատեղեկացված երկրները»:

«Մի՞թե անպայման էլի արյուն պիտի հոսի` հասկանալու համար, որ սառեցված հակամարտությունները մասնագիտական եւ իրազեկ վերաբերմունքի կարիք են զգում, եւ որ դրանք չեն կարող հանգուցալուծվել տարբեր համաժողովներում քվեարկություններ կազմակերպելով», - շեշտել է Հայաստանի նախագահը: - «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ մենք կարգավորման լուրջ ճանապարհ ենք արդեն անցել. մի՞թե հնարավոր չէ գոնե նոր խոչընդոտներ չստեղծել այդ գործընթացի համար»:

Անդրադառնալով այս տարի նշվող` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի եւ Ցեղասպանության կոնվենցիայի 60-ամյակներին, Սերժ Սարգսյանը ասել է. - «Մեզ` հայերիս, որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար սրանք առավել քան կարեւոր հոբելյաններ են: Հայաստանը արել եւ անելու է ամեն ինչ` աջակցելու համար Ցեղասպանության կոնվենցիայի շարունակական ոգեկոչմանն ու հետեւողական իրագործմանը: Ցեղասպանությունը չի կարող հուզել միայն մեկ ժողովրդի, քանի որ այն հանցագործություն է ողջ մարդկության դեմ: Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, ապա մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստանը, որպես երիտասարդ ժողովրդավարություն, դեռ կարեւոր ճանապարհ ունի անցնելու` մարդու իրավունքների ողջ համալիրի արդյունավետ ապահովումը երաշխավորելու համար: Մենք այդ ճանապարհին փորձում ենք սովորել հարուստ փորձ ունեցող երկրներից եւ չկրկնել ուրիշների սխալները: Այդ դասերը միշտ չէ, որ հեշտ են տրվում, բայց մենք համոզված ենք, որ մեր նման երկրի համար դա կայուն զարգացման հիմնական գրավականն է»:

«Միեւնույն ժամանակ մենք գիտակցում ենք, որ արագ փոփոխվող իրականության պայմաններում, գիտության առաջխաղացմանն ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, մարդու իրավունքների պաշտպանության եւ պետությունների կողմից այդ պարտականության կատարման գործընթացի հսկման ընթացակարգերը լուրջ վերանայման կարիք ունեն», - հայտարարել է Սերժ Սարգսյանը իր ելույթում, որի տեքստը տարածել է նախագահի մամլո գրասենյակը:

Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ է ունեցել հայերեն:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG