Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի խմբագիրը, անդրադառնալով մարտի 1-ի գործով գլխավոր դատախազության հաղորդագրություններին, նշում է. - «Դատախազության ձեւակերպման մեջ ամենաազդեցիկը, իհարկե, «սպանություններով զուգորդված» բառակապակցությունն է: Դա, որքան հասկանում եմ, թե իրավական եւ թե բարոյական առումով չափազանց ծանրացուցիչ հանգամանք է: Եթե այդպես է, ուրեմն դատախազության, Հատուկ քննչական խմբի եւ ոստիկանության առաջին գործը պիտի լիներ այդ 10 հոգու սպանությունը բացահայտելը: Մինչդեռ, գրեթե 7 ամիս է անցել այդ իրադարձություններից, սակայն մարդասպանության մեջ ոչ ոք պաշտոնապես չի մեղադրվել: Երկուսից մեկը. կամ մեր իրավապահներն այնքան ոչ պրոֆեսիոնալ են, որ ի վիճակի չեն գտնել հանցագործներին, կամ էլ այդ սպանությունների մեջ կան հանգամանքներ, որոնք ձեռնտու չեն իշխանություններին, եւ հենց այդ պատճառով էլ լռության են մատնվում»:

Նույն թերթի հարցազրույցում պատասխանելով լրագրողի հարցին` «համաձայնեք, որ 10 զոհի դեպքում յոթ ամիս չկարողանալ գտնել գոնե մեկ մարդասպանի` ուղղակի անհասկանալի է», մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ասում է. - «Ձեր հարցադրումը հասկանում եմ, դա կա հասարակության մեջ, կա նաեւ իմ մեջ: Եվ ես կիսում եմ այդ մտահոգությունը»:

«Ազգ»-ի փոխանցմամբ` Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը երեկ դեսպանատանը հրավիրած ընդունելության ժամանակ ասել է. - «Հայաստանի մեկուսացվածությունը վերացնելը դարձել է անհրաժեշտություն»: «Տիկին Յովանովիչը անդրադարձավ նաեւ նախագահ Գյուլի Հայաստան այցելությանը, որը նոր հույսեր է ներշնչում տարածաշրջանային անվտանգության եւ բարօրության համար, միաժամանակ հույս հայտնեց, որ ղարաբաղյան հիմնահարցը իր լուծումը կգտնի», - փոխանցում է թերթը:

«Երկիր»-ը ներկայացնում է «Հորիզոն»-ի հետ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը, ուր նա ասում է. - «Անկարան դեպի Եվրոպա իր նախկին ուղղվածությունն այսօր փոխում է եւ դրա փոխարեն ստանձնում է Փոքր Ասիայում եւ Կովկասյան տարածաշրջանում քաղաքական կացությունը դասավորողի կամ համակարգողի դերակատարությունը»: «Տարածաշրջանում համագործակցություն ստեղծելու համար Թուրքիան հարմար երկիրը չի կարող լինել, որովհետեւ նախեւառաջ շրջափակում է Հայաստանը, երկրորդ` հայ - ադրբեջանական հակամարտության գծով շահագրգիռ կողմ է», - նշել է Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը:

Ըստ «Հայոց Աշխարհ»-ի` «Հայաստանի արտաքին եւ ներքին կացության համապարփակ գնահատականը հանգեցնում է այն եզրակացության, որ այս աշունը կարող է լուրջ մարտահրավերների շրջան դառնալ մեր երկրի համար»։ «Սակայն եթե աշունը համեմատաբար հանդարտ ու խաղաղ անցնի, ներքաղաքական իրավիճակի շատ թե քիչ լուրջ ապակայունացումը բացառվում է մինչեւ հաջորդ նախընտրական փուլը», - կարծում է թերթի վերլուծաբանը:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի, «գործող իշխանությունը պարզորոշ ցույց տվեց, որ «բարեփոխում» կամ նույնիսկ «բարեշրջում» ասելով` գործող իշխանությունը նկատի ունի բիզնեսի լիակատար կենտրոնացումը մի քանի հոգու ձեռքերում»:

«Չորրորդ իշխանության» գնահատմամբ` «դատավոր Գայանե Կարախանյանը հայկական իրականության համար չլսված քայլ կատարեց. նա ընդունեց Սմբատ Այվազյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկը` այդպիսով հրաժարվելով քննել Այվազյանի գործը»: «Հիմա իշխանությունները պետք է մի նոր դատավոր գտնեն, ով հանձն առնի վարել այդ խայտառակ գործը», - գրում է թերթը:

«Տարեգիր»-ը արձանագրում է. - «Սմբատ Այվազյանի հետ գործ ունեցող դատավորների բախտը, փաստորեն, չի բերում: Նախ Գագիկ Ավետիսյանը վայր ընկավ ծառից, հիմա էլ Գայանե Կարախանյանը լքեց դատը»:

«Հայք»-ում էլ վերնագրված է. - «Դատավորը հրաժարվեց պատվեր կատարելուց»:

«Հրապարակ»-ի կարծիքով` «մեր իշխանավորներն էլ հասկանում են, որ այսպես ապրել հնարավոր չէ, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, եւ հասարակությունն արդար ընտրությունների, երկրում հավասար մրցակցային դաշտի, իրավական արդարության պահանջ է դնում»: «Այս ահագնացող պահանջն է պատճառը, որ տարեցտարի ավելի է բարդանում ընտրությունների կեղծումը», - գրում է թերթը: «Առաջիկայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները միայն առաջին հայացքից են երկրորդական», - ընդգծում է «Հրապարակ»-ը` կանխատեսելով. - «Բոլոր այն համայնքներում, որտեղ կա իրական մրցակցություն, եւ թեկնածուների քանակն «էն գլխից» չի սահմանափակվել, դաժան մրցապայքար է ընթանալու»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG