Մատչելիության հղումներ

Ընդդիմության ներկայացուցիչը հակադարձում է ոստիկանապետի հայտարարությանը


Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը երեկ հակադարձեց Հայաստանի ոստիկանապետի նախորդ օրվա հայտարարությանը, թե «այլեւս չի հանդուրժելու չարտոնված հանրահավաքները»:

«Եթե թույլ չի տրված, ուրեմն թույլ չեմ տալու, թող փորձեն միտինգը կազմակերպեն էդ ճանապարհով, իմ թույլ չտալու պարագայում, իմ չէ` ոստիկանության թույլ չտալու պարագայում», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասել էր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, արձագանքելով այդ հայտարարությանը, երեկ ասաց. - «Սա բացարձակ անգրագետ, բռնապետական մտածողություն ունեցող մարդկանց հարիր դատողություններ են: Եթե անգամ չարտոնված, բայց խաղաղ երթ է կատարվում, ո՞ր օրենքով ոստիկանությունը իրավունք ունի դադարեցնել այդ երթը կամ բռնության դիմել, հարձակվել երթի վրա: Որեւէ օրենք նման բան թույլ չի տալիս»:

«Ոստիկանապետը, փաստորեն, այստեղ ամբիցիայի հարց է դնում. ոչ թե օրենքի, ոչ թե Սահմանադրության», - շարունակեց Զուրաբյանը: - «Ինքը ասում է` եթե թույլատրված չէ, ուրեմն մենք կցրենք: Սա բացարձակ անգրագետ մտածողությանը հարիր դատողություններ են: Խաղաղ ցույցը ոչ ոք իրավունք չունի ցրելու, դա սահմանադրական իրավունք է, որը քաղաքացիները իրականացնում են: Սեպտեմբերի 26-ին Արարատ Զուրաբյանի ընտրական հանրահավաքը, Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը լինելու է Հյուսիսային պողոտայում: Մենք մեր հանրահավաքը անելու ենք»:

Զուրաբյանի տպավորությամբ, Ալիկ Սարգսյանի ասուլիսը ցույց տվեց, որ վերջինս «արհամարհում է թե’ Սահմանադրության պահանջները, թե’ օրենքները»:

Զուրաբյանի կարծիքով, վերջին շրջանում իշխանությունները բախումներ են փնտրում ժողովրդի հետ: Դա է վկայում անցած հանրահավաքը, որի ժամանակ, նրա խոսքով, «հատուկ պատրաստված մարդիկ էին բերվել միտինգի վայր, որպեսզի երթի ժամանակ բռնարարքներ կատարվեին, եւ դրանով թույլ տային ոստիկանությանը իրականացնելու հասարակական կարգը վերականգնելու միջոցառումներ»:

Լեւոն Զուրաբյանը խոսեց նաեւ առաջիկայում ընդդիմության ռազմավարության մեջ «շտկումներ մտցնելու» մասին: Նրա խոսքով, ռուս-վրացական հակամարտությունից հետո, երբ սրվել են Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները, «Մինսկի խմբի համանախագահությունը հայտնվել է կաթվածահար վիճակում», ու, դրանից օգտվելով, «Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ սկսկել է միակողմանի գործընթաց` Ղարաբաղյան խնդիրը կարգավորելու նպատակով, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար»:

Նման գործընթացը, ըստ Զուրաբյանի, Սերժ Սարգսյանին թույլ է տվել միջազգային հանրության կողմից ստանալ աջակցություն` իր իշխանությունը լեգիտիմացնելու համար. - «Այս հանգամանքները պատճառ են հանդիսացել այն բանի համար, որ Հայաստանի իշխանությունները ավելի անպատիժ զգան իրենց ընդդիմության, ժողովրդի հետ հարաբերություններում: Ըստ էության, Սերժ Սարգսյանի ռեժիմը ստացել է «քարտ բլանշ»` ընդդիմությանը ջախջախելու հարցում: Իհարկե, դա մենք չպետք է ընդունենք որպես ողբերգություն: Ուղղակի այստեղից հետեւում է, որ ընդդիմությունը, համաժողովրդական շարժումը պետք է լուրջ շտկումներ մտցնի իր ստրատեգիայի մեջ»:

«Մի բանում ժողովուրդը կարող է հանգիստ լինել. մենք շարունակելու ենք մեր վճռական պայքարը Հայաստանում սահմանադրական կարգի եւ ժողովրդավարության վերականգնման համար: Որեւէ նահանջ այս հարցում չի լինելու, որեւէ գործարք այս ահաբեկչական իշխանությունների հետ չի լինելու», - եզրափակեց Լեւոն Զուրաբյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG