Մատչելիության հղումներ

logo-print
«Օսկար»-ի գալիք մրցանակաբաշխությանը Ռուսաստանը կներկայանա հայազգի կինոռեժիսոր Աննա Մելիքյանի «Ջրահարսը» ֆիլմով, որը Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի համար պայքարելու է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:

«Օսկար»-ի համար ռուսաստանյան ֆիլմերի ընտրության հանձնաժողովի դատին ի սկզբանե հանձնված էին 8 ֆիլմեր, որոնցից, ի վերջո, ընտրվեց «Ջրահարսը»:

Կինոնկարը արդեն իսկ մրցանակներ է բերել Աննա Մելիքյանին: Այս տարի ֆիլմը լավագույն ռեժիսուրայի համար մրցանակի է արժանացել Սանդանսի միջազգային կինոփառատոնում, Բեռլինյան 58-րդ կինոփառատոնում արժանացել է կինոքննադատների մրցանակին, իսկ Ռուսաստանում «Նիկա» մրցանակ է շնորհվել ֆիլմի գլխավոր դերակատար Մաշա Շալաեւային:

Այնուհանդերձ, «Օսկար»-ի ներկայացնելու համար «Ջրահարս»-ի ընտրությունը ռուսաստանյան լրատվամիջոցները համարում են «խիստ անսպասելի»` հիմնավորելով, թե ֆիլմերի ընտրության հանձնաժողովի դատին ներկայացված այլ ժապավեններ իրենց թեմատիկայով ավելի համապատասխան էին թվում Ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր մրցույթին: Մատնանշվում են, օրինակ, Կարեն Շահնազարովի «Անհետացած կայսրություն», Կատյա Շագալովայի «Մի անգամ գավառում», Ալեքսանդր Սոկուրովի «Ալեքսանդրա» եւ Ալեքսեյ Ուչիտելի «Գերեվարվածը» ֆիլմերը:

Կինոգետներից շատերը, մինչդեռ, ողջունում են «Ջրահարս»-ի ընտրությունը: «Անկախ նրանից` ֆիլմը մրցանակ կբերի, թե ոչ, «Ջրահարս»-ի ընտրությունը շատ ճիշտ է: Շատ տաղանդավոր գործ է եւ ցույց է տալիս, թե ինչով են մեր ֆիլմերը տարբերվում հոլիվուդյան ֆիլմերից: Օրինակ, «Ալեքսանդրա»-ն կամ «Գերեվարվածը» չեչենական պատմությունն է, որը դժվարությամբ կընկալվի Արեւմուտքում: Իսկ «Ջրահարս»-ի պարագայում որեւէ քաղաքական քննարկում ոչ մի համատեքստում չի կարող լինել», - «ՌԲԿ դեյլի»-ին կարծիք է հայտնել կինոգետ Դանիել Դոնդուրեյը:

Աննա Մելիքյանի համար եւս իր ֆիլմի ընտրությունը անսպասելի է եղել: Ռուսաստանյան առաջին ալիքի հետ հարցազրույցում նա նշել է, որ շատ հաճելի անակնկալ էր, սակայն հաջողություն կանխատեսել դեռ չի կարող, քանի որ կանխատեսումներ անելու դեպքում ոչ մի հաջողության էլ չի հասնում. երիտասարդ ռեժիսորը պարզապես գերադասում է չմտածել այդ մասին:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

(Լուսանկարում` Աննա Մելիքյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG