Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի ոստիկանական ծառայության պետ Ալիկ Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ շատ շուտով իր գլխավորած կառույցին կից ստեղծվելու է հասարակական խորհուրդ:

«Ընդամենը օրերի ընթացքում մենք կունենանք ոստիկանությանը կից հասարակական խորհուրդ, որում կներգրավվեն հիմնականում մտավորականության ներկայացուցիչները», - ասաց Սարգսյանը` մանրամասնելով. - «գրողներ, երաժիշտներ, գիտնականներ, արվեստի, մշակույթի, սպորտի, բոլոր բնագավառներից ներկայացուցիչներ, ինչու չէ` հասարակական կազմակերպություններից, որոնց միջոցով մենք կարող ենք մեր աշխատանքներն է'լ ավելի թափանցիկ դարձնել... Նրանք կունենան իրավունք մեր աշխատանքներին մասնակցելուց բացի, ցանկացած ժամանակ վերահսկողություն իրականացնել եւ այդ մասին տեղյակ պահել նաեւ լրատվամիջոցներին»:

Իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում համակարգում կատարված աշխատանքի մասին տեսանյութի դիտումից եւ ներածական խոսքից հետո, Սարգսյանը պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնց զգալի մասը վերաբերում էր մարտի 1-2-ի իրադարձություններին եւ ոստիկանության աշխատակիցների գործողություններին:

Հարցին, թե ծանո՞թ է ընդդիմության տարածած տեսանյութին, որտեղ իրավապահները մարտի 1-ի առավոտյան բերման ենթարկելիս ծեծի են ենթարկում շարքային քաղաքացիներին, եւ որեւէ իրավապահ պատժի ենթարկվե՞լ է, Ալիկ Սարգսյանը արձագանքեց. - «Ինքս դիտել եմ այդ տեսաժապավենը: Այդտեղ կան կադրեր, որոնք, իմ կարծիքով, մոնտաժված են, ստուգումներ կատարում ենք: Կան կադրեր, որոնք իրոք քննության առարկա են: Մենք այս պահին աշխատանքներ կատարում ենք, ստեղծված է հատուկ խումբ...»:

Ավելի ճշտված հարցին, թե կան կադրեր, որտեղ ոստիկանները ձեռքով, ոտքով, մահակներով հարվածում են քաղաքացիներին ու ծեծելով նստեցնում ոստիկանական մեքենան, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. - «Բնականաբար, նման դեպքեր նույնպես եղել են: Մենք մեր մոտեցումները, մեր դրսեւորումները այսպիսի մարդկանց նկատմամբ անպայման կունենանք... Բայց մի քաշքշուկի համար ես ոստիկանին դատի չեմ տալու, խնդրում եմ, այդ ակնկալիքը դուք չունենաք»:

«Տվյալ մարդիկ այս պահին ճշտվում են, թե ովքեր են, նրանց նկատմամբ կկատարվի ծառայական քննություն: Ծառայական քննությունը կորոշի, թե մարդկանց ինչպիսի տույժի են կենթարկենք դրա համար... Ծառայական քննության արդյունքները կներկայացվեն ձեզ», - հավելեց Հայաստանի ոստիկանապետը:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG