Մատչելիության հղումներ

Գյուլ. «Համագործակցության եւ կայունության պլատֆորմը կնպաստի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»


«Թուրքիայի առաջարկած Համագործակցության եւ կայունության պլատֆորմը կնպաստի Կովկասում սառեցված հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:

«Ես ակեղծորեն հավատում եմ` դրական հեռանկարը, որ այժմ ստեղծվել է, կնպաստի սառեցված հակամարտությունների, այդ թվում գրավված Lեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը` տարածքային ամբողջականության սկզբունքի համատեքստում», - հավելել է նա:

Փաստելով, որ գաղափարին հավանություն են տվել տարածաշրջանի բոլոր երկրները, Գյուլը միաժամանակ համոզմունք է հայտնել, թե այդ պլատֆորմը կարող է գործիք դառնալ տարածաշրջանում վստահության մթնոլորտ ստեղծելու եւ ընդհանուր խնդիրները ժողովրդավարական ճանապարհով քննարկելու համար:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Թուրքիայի առաջարկած պլատֆորմն ու դրա մանրամասները քննարկվել են նաեւ երկրի արտգործնախարար Ալի Բաբաջանի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հանդիպման ժամանակ:

«Թուրքիան շատ կարեւոր ուժ է տարածաշրջանում, եւ փորձում է ավելի խաղաղ դարձնել Կովկասը», - ըստ թուրքական «Զաման»-ի, ասել է Կոնդոլիզա Ռայսը:

Գալիք ուրբաթ Նյու Յորքում կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարները. բանակցությունների առանցքում, պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, ղարաբաղյան խնդրի կարգավորումն է:

«Առկա է քաղաքական կամքը, ինչը, թերեւս, շատ կարեւոր է: Մնացածը քննարկվելիք մանրամասներ են, թեեւ ակնհայտ է, որ ամենաբարդը հենց այդ մանրամասներ են», - այս շաբաթ ավելի վաղ «Ռոյթերզ» գործակալությանը ասել էր Թուրքիայի արտգործնախարարը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG