Մատչելիության հղումներ

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը, որի իրազեկումը Մատենադարանի մետ սեպտեմբերի 26-ին հանրահավաք անցկացնելու մասին Երեւանի քաղաքապետարանը մերժել է, որոշել է հանրահավաքը անցկացնել Հյուսիսային պողոտայում:

Այդ օրը Հյուսիսային պողոտայում զանգվածային հրապարակային միջոցառում կանցկացնի նաեւ Հայոց համազգային շարժման վարչության նախագահ, Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը: Զուրաբյանի հայտը միջոցառումը Մատենադարանի մոտ անցկացնելու վերաբերյալ քաղաքապետարանը նույնպես մերժել է:

Մերժման պատճառաբանությունը երկու դեպքում էլ նույնն է` այդ օրը այդ ժամին այդ տեղում մշակութային միջոցառում է նախատեսված:

Քաղաքապետարանը Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսին առաջարկել է հանրահավաքն անցկացնել «Հրազդան» մարզադաշտի հարավային տրիբունային հարող տարածքում, իսկ Զուրաբյանին` «Դինամո» մարզադաշտին հարող տարածքում:

«Մենք մեր հանրահավաքը կանենք, բայց կանենք Հյուսիսային պողոտայում», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը: - «Ուղղակի հաշվի առնելով Կենտրոն համայնքում մոտեցող ընտրությունները (սեպտեմբերի 28-ին), սա կլինի առավելապես Արարատ Զուրաբյանի նախընտրական հանդիպում իր ընտրողների հետ»:

Հարցին, թե ունե՞ն մտավախություն, որ կարող են բախումներ լինել իրավապահների հետ, կամ վերջիններս կարգելեն այդ օրը մարդկանց մուտքը Հյուսիսային պողոտա, Մուսինյանը արձագանքեց. - «Բոլոր հնարավոր օրինական միջոցները սպառում ենք: Բայց մենք ետ չենք կանգնել ու չենք կանգնելու մեր սահմանադրական իրավունքները իրացնելուց. թաղապետի թեկնածուն իրավունք ունի նախընտրական հանդիպումներ ունենալ... Արարատ Զուրաբյանը սեպտեմբերի 26-ին Հյուսիսային պողոտայում անցկացնելու է իր հանդիպումը ընտրողների, համայնքի եւ քաղաքի բնակչության հետ»:

«Որեւէ հակաօրինական բանի մենք չենք դինել եւ չենք դիմելու, եւ իշխանությանը, ոստիկանությանը կոչ ենք անում դուրս չգալ օրենքի սահմաններից», - եզրափակեց Մուսինյանը:

Արարատ Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «ստիպված է» իր նախընտրական հավաքը անցկացնել Հյուսիսային պողոտայում, քանի որ Մատենադարանի մոտ հավաքն անցկացնելու իր հայտը մերժվելուց հետո, նա դիմել էր նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ այն անցկացնելու համար, սակայն կրկին մերժում է ստացել:

«Մեր իշխանությունները գնում են արդեն իսկ իրենց որդեգրած ապօրինությունների ճանապարհով, եւ փորձում են խոչընդոտել իմ նախընտրական քարոզչությունը», - ասաց Զուրաբյանը: - «Սակայն, ցանկացած պարագայում ես անցկացնելու եմ նախընտրական հանրահավաք-հանդիպում»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG