Մատչելիության հղումներ

Շարլ Ազնավուրին մեծարելու են 2009-ի հունվարի 19-ին


Աշխահահռչակ ֆրանսաբնակ հայազգի երգիչ Շարլ Ազնավուրը գալիք տարվա հունվարի 19-ին կստանա ՄԻԴԵՄ-ի սահմանած մրցանակը «Ստեղծագործական կյանքում ունեցած ներդրման համար» անվանակարգում:

BUSINESS WIRE լրատվական գործակալության փոխանցմամբ, MIDEM-ը համաշխարհային երաժշտական բիզնեսի ամենախոշոր տարեկան տոնավաճառն է, որին մասնակցում են երաժշտական աշխարհի առաջատար գործարարները, աստղերը եւ երաժշտական հեղինակավոր ԶԼՄ-ները:

Տոնավաճառի շրջանակներում կազմակերպվում են խորհրդաժողովներ, քննարկումներ, երիտասարդ կատարողների պրեմիերաներ, տեղի են ունենում մրցանակաբաշխություններ տարբեր անվանակարգերում:

Տոնավաճառը հիմնադրվել է Ֆրանսիայում եւ 1967 թվականից սկսած անցկացվում է Կաննում: 2009 թվականի հունվարի 18-21-ը տեղի կունենա MIDEM-ի 43-րդ տոնավաճառը:

BUSINESS WIRE-ը նշում է, որ ավելի քան 800 երգ հեղինակած Շարլ Ազնավուրը մինչեւ այս տարեվերջ թողարկելու է «Դուետներ» նոր ալբոմը, որի ձայնագրությանը մասնակցել են շոուբիզնեսի այնպիսի գերաստղեր, ինչպիսիք են Փոլ Անկան, Սելին Դիոնը, Պլաչիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Քերոլ Քինգը, Լայզա Մեինելլին եւ Սթինգը:

«Կասկած չկա, որ Շարլ Ազնավուրը աշխարհում ամենաճանաչված ֆրասիացի երգիչն է, նա կենդանի լեգենդ է ֆրանսիական շանսոնի պանթեոնում: MIDEM-ի համար մեծ պատիվ է մրցանակ շնորհել այդ կատարողին», - ասել է MIDEM-ի գործադիր տնօօրեն Պոլ Զիլքը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG