Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Հայք»-ի փոխանցմամբ, նշել է. - «Ես հասկանում եմ, որ խորհրդարանական, նախագահական ընտրություններում իշխանությունները փորձում են եւ ամեն ինչ անում են իրենց իշխանությունը պահելու համար: Բայց որ նույնը կատարում են նաեւ ՏԻՄ ընտրություններում, դա արդեն բեսպրեդել է: Ի՞նչն էր իրենց խանգարում մի քանի տեղական ինքնակառավարման մարմիններում իսկապես արդար ընտրություններ անցկացնել, ի՞նչ վնաս կարող էր հասցնել ընդդիմադիր թաղապետը իրենց իշխանությանը: Սրանք ոչ միայն դա չեն հանդուրժում, այլեւ չեն հանդուրժում, որ ժողովուրդը ընտրի իր գյուղապետին: Սա ոչ միայն իշխանատենչություն է, բռնատիրություն է, այլեւ գավառականության չափազանց ծայրահեղ արտահայտություն, որ ոչ մի այլախոհություն, ոչ մի օրինական բան չլինի այս երկրում: Չեն ուզում, որ այս երկրում որեւէ օրինական պաշտոն լինի, ուզում են բոլորին իրենց նմանեցնել»:

«Հայոց Աշխարհ»-ը, չակերտների մեջ վերցնելով քաղբանտարկյալ բառը, փոխանցում է. - «Երեկ «քաղբանտարկյալները» հանդես եկան Կենտրոն համայնքի բնակիչներին ուղղված կոչով, որպեսզի վերջիններս սեպտեմբերի 28-ին տան իրենց ձայները ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանին. «Մենք վստահ ենք, որ Արարատ Զուրաբյանին ձայն տալով, Դուք աջակցում եք Հայաստանում ժողովրդավարության վերականգնմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, արդարության հաղթանակին, ինչպես նաեւ՝ համայնքում կարգ ու կանոնի վերականգնմանը եւ օրենքի իշխանության հաստատմանը»։ Մեջբերելով այս հատվածը, թերթի խմբագիրը հեգնում է. - «Որքա՜ն նուրբ է ասված, ի՜նչ հիանալի է նկատված։ Հատկապես այ սա. «օրենքի իշխանության հաստատմա՛նը»։ Միանգամից զգացվում է, որ «քաղբանտարկյալները» հաճախակի ու սերտորեն շփվում են դատախազության քննիչների հետ, դրա համար էլ երջանիկ են։ Քանզի իսկական երջանկությունը պարզապես այն չէ, երբ քեզ հասկանում են. իրականում երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են դատախազությունում»։

«Առավոտ»-ը տեղեկացնում է. - «Աբովանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար գրանցված միակ թեկնածուն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ներկայումս ոչ մի տեղ չաշխատող Կարապետ Գուլոյանն է՝ ԱԺ պատգամավորներ, նույն կուսակցության անդամ Մուրադ Գուլոյանի որդին եւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ, երբ նա դեռ դատախազ էր, ծեծել էր մի ոստիկանի, ինչի կապակցությամբ մեծ, բայց կարճատեւ աղմուկ բարձրացավ»:

«Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը շատ արագ հասկացավ, թե հատկապես ինչ ծառայություններ են ակնկալում իրենից եւ հաճույքով դերի մեջ մտավ` կամովին ստանձնելով սեփական ժողովրդի դեմ իրականացվող տեռորի հրամանատարությունն ու պատասխանատվությունը», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Ճիշտն ասաց, որեւէ մեկը սրանում չէր էլ կասկածում: Ռեժիմն իրեն զանազան ծառայություններ մատուցողների ընտրության հարցում հազվադեպ է սխալվում»:

«Մի բան ակնհայտ է», - շեշտում է «Ազգ»-ի մեկնաբանը. - «նախորդ ժամանակն իր դերակատար x նախագահով գուցեեւ կարելի կլիներ լավ համարել, եւ արված գործերից էլ, ցինիկ չլինենք, իսկապես թվելու բան կար: Սակայն եղավ մարտի 1-ը, եղան զոհեր, եւ դա ոչ ոք, անգամ ամենապրագմատիկ պատմաբանը չի կարողանա շրջանցել. թափվել է հայ մարդկանց արյունը, ու շատ բան կմոռացվի, բայց սա` ոչ: Այդ էջը դեռ չենք փակել ու դեռ երկար չենք կարողանալու փակել»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Հանրապետական կուսակցությունում շատ ջղայնացած են կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովի վրա, որը վերջերս Հովիկ Աբրահամյանին համեմատեց Դանտոնի, Ռոբեսպիեռի ու դը Գոլի հետ»:

«Երբ ընդդիմությունը իր թիմակիցն է համարում այս կամ այն պատճառով պաշտոններից հեռացածներին, սկսում ես կասկածել, թե ո՞ր սկզբունքի հիման վրա է այդ թիմը ձեւավորվել», - կասկածում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Չէ՞ որ Գագիկ Ջհանգիրյանը, Պարգեւ Օհանյանը, գեներալ Մանվելը տարիներ շարունակ իշխանության հետ որեւէ «անհաղթահարելի տարաձայնություն» չեն ունեցել եւ ավելին՝ հավատարմորեն ծառայում էին այն համակարգին, որի դեմ ընդդիմությունը անողոք պայքար է հռչակել... Հենց այդ պատճառով էլ չեմ հավատում այն պնդումներին, որ վերջերս հրաժարական տված Տիգրան Թորոսյանը կամ Հովհաննես Մանուկյանը իշխանական համակարգում մի տեսակ ներքին, թաքնված ընդդիմություն էին: Միգուցե այնքան թաքնված էին, որ դա ոչ մեկի համար տեսանելի չէր»:

Անդրադառնալով գազի գնի առաջիկայում սպասվող թանկացումներին, «Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է. - «Դեռ 2006 թվականին, երբ գազի գինը ամբողջ աշխարհում կտրուկ բարձրացավ, իսկ Հայաստանում` ոչ, «Հայռուսգազարդ»-ի ղեկավար Կարեն Կարապետյանը չքնաղ հեռանկարներ էր ուրվագծում` ասում էր, որ գազի ցածր գինը Հայաստանում թույլ կտա մեր տնտեսավարողներին գրավել հնարավոր բոլոր շուկաները: Այս հայտարարությանն անմիջապես ձայնակցեց Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Տրամաբանությունը պարզ է. աշխարհում գազը թանկ է, մեզ մոտ էժան, նշանակում է, որ մեր մոտ արտադրանքի ինքնարժեքը ավելի ցածր է ստացվում, ինչը հանգեցնում է աշխարհում մեր ապրանքների մրցունակության աճին: Մեր էներգետիկայի այս երկու առանցքային դեմքերի նման հայտարարություններից հետո մնում էր միայն գնալ տուն, պառկել բազմոցին եւ «Եվրանյուս»-ով հետեւել, թե ինչպես են մեր տնտեսավարողները գրավում բոլոր հնարավոր շուկաները: Գնացինք, հետեւեցինք, տեսանք չէ, չի ստացվում... Հիմա գազը թանկանում է. չեն փոխվել ո’չ մեր էներգետիկայի երկու առանցքային դեմքերը, ո’չ էլ տնտեսավարողները: Սրանից արդեն դժվար չէ կռահել, թե ինչ տխուր ազդեցություն կունենա գազի թանկացումը Հայաստանի տնտեսության վրա: Իսկ բնակչության վրա գազի թանկացումը կազդի ուղղակիորեն»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG