Մատչելիության հղումներ

Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի անդամները կոչ են անում Բուշին ֆինանսական օգնություն ցուցաբերել Հայաստանին


Միացյալ Նահանգների Կոնգրեսի ստորին պալատում` Ներկայացուցիչների տանն այս օրերին քննարկում են Հայաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու հեռանկարները: Հայկական հարցերով զբաղվող կոնգրեսական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնն ու Ջորջ Ռադանովիչը` մոտ երկու տասնյակ իրենց գործընկերների հետ միասին նամակ են հղել նախագահ Ջորջ Բուշին` կոչ անելով Հայաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերել` մեղմելու համար այն բացասական ազդեցությունը, որ ունեցավ վրաց-ռուսական պատերազմը հայաստանյան տնտեսության վրա:

Ավելի վաղ Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության էր արժանացրել Վրաստանին ամերիկյան ուղղակի ֆինանսական օգնություն ցուցաբերելու` Սպիտակ տան մշակած ծրագրին: Ամերիկացի կոնգրեսականները, սակայն, կոչ են անում Բուշի վարչակազմին հետամուտ լինել, որպեսզի պաշտոնական Թբիլիսիին հատկացվելիք մեկ միլիարդ դոլարի մի զգալի մասն ուղղվի Ջավախք:

«Հայերով բնակեցված Սամցխե-Ձավախեթի շրջանը տնտեսական խորը ճգնաժամում է գտնվում: Անհրաժեշտ է ամերիկյան ֆինանսական օգնության մի մասն ուղղել այս շրջանում առկա աղքատության դեմ պայքարին, նպաստել հաղորդակցության ուղիների նորացմանը, ինչպես նաեւ խթանել ներդրումային քաղաքականությունը Ջավախքում», - հայտարարում են կոնգրեսականները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

(Լուսանկարում` Հայկական հարցերով զբաղվող կոնգրեսական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG