Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան դատարանը տարբեր ժամկետներով` մինչեւ տասը տարի, ազատազրկման է դատապարտել դեռահասների ավազակախմբի անդամներին, նրանց մեղավոր ճանաչելով 2007 թվականի օգոստոսին եւ սեպտեմբերին այլատյացության հողի վրա հարձակումներ կատարելու մեջ: «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` այդ հարձակումների հետեւանքով զոհվել է երկու մարդ` հայազգի 23-ամյա մի ջութակահար եւ Յակուտիայից 46-ամյա մի շախմատիստ, որոնց անունները չեն նշվում:

Ինչպես հայտնել է դատարանի խոսնակը, խմբի անդամները մեղավոր են ճանաչվել շուրջ մեկ տասնյակ հարձակումների մեջ: 13 դեռահասները հանցագործությունները կատարելու ժամանակաշրջանում սովորել են մոսկովյան դպրոցներում, նրանցից 12-ի տարիքը այդ ժամանակ 18-ից ցածր է եղել:

Խումբը մոսկովյան փողոցներում, զբոսայգիներում եւ գնացքներում դանակներով եւ մահակներով հարձակվել է «ոչ եվրոպական» արտաքին ունեցող անձանց վրա, այնուհետեւ բջջային հեռախոսներով նկարահանված կադրերը տեղադրել Ինտերնետում:

Այդ կադրերում, մասնավորապես, պատկերված է, թե ինչպես են դեռահասները հետապնդում մուգ մաշկ ունեցողներին, գցում գետնին եւ բռունցքներով հարվածում նրանց, կամ հարձակվում մանկասայլակով քայլող հղի կնոջ վրա:

Տասը տարվա ազատազրկման է դատապարտվել խմբում տարիքով ամենաավագը` 19-ամյա մի պատանի, որը, ըստ դատախազների, մասնակցել է երկու սպանություններին: Նվազագույն ժամկետով` երեքական տարվա ազատազրկման են դատապարտվել երկու անչափահասներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG