Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «Մտացածին տերմին» վերնագրված խմբագրականում գրում է. - «Երբ որեւէ լրագրող կամ իրավապաշտպան մեր նման երկրի իշխանության որեւէ ներկայացուցչի հարցնում է` «բա ինչպե՞ս կլինի քաղբանտարկյալների հարցը», նրանք, լավ սովորած դասի նման, պատասխանում են` «մեր երկրում քաղբանտարկյալներ չկան, որովհետեւ մեր Քրեական օրենսգրքում նման եզր գոյություն չունի»: Որքան հայտնի է, այսօր աշխարհի ոչ մի երկրի օրենսդրության մեջ չկա «քաղաքական հանցագործություն» հասկացություն, բոլոր քաղաքական հետապնդումներն իրականացվում են քրեական քողի տակ: Երկու տարի առաջ, օրինակ, Թուրքմենստանում ազատազրկվել էր, իսկ այնուհետեւ բանտում սպանվել էր «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Օգուլսափար Մուրադովան: Ու չնայած իշխանությունն իր պաշտոնական ալիքով (թուրքմենական «Հայլուրով») նրան մեղադրել էր «զրպարտչական տեղեկատվություն տարածելու մեջ», Մուրադովային դատապարտել էին «անօրինական զենքի» հոդվածով, որովհետեւ «տեղեկատվություն տարածելը» դատապարտելի չէ նույնիսկ թուրքմենական Քրեական օրենսգրքով: Եվ, հետեւաբար, թուրքմեն պաշտոնյաները նո՞ւյնպես հիմքեր ունեն պնդելու, որ «քաղբանտարկյալը մտացածին տերմին է»: «Երբեմն ասում են` եկեք օրենսդրորեն սահմանենք` ինչ է նշանակում «քաղբանտարկյալ»: Այդ առաջարկն ինձ տարօրինակ է թվում, որովհետեւ այդ դեպքում մենք «պաշտոնապես» հնարավոր ենք համարում, որ մարդկանց հետապնդեն քաղաքական հայացքների համար: Տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի վերացնել երեւույթը, ոչ թե օրինականացնել այն», - ամփոփում է «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը:

«Ազգ»-ը մատուցում է. - «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «պետք է ընդունվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: Թերթը մեջբերում է նաեւ նախագահի հետեւյալ խոսքերը. - «Ես ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որ եթե ադրբեջանցիները ցանկանում են ցույց տալ, որ լրջորեն հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի անվտանգ կյանքի ու ապագայի հարցերով, թող ներդրումներ կատարեն, լուրջ ներդրումներ կատարեն Լեռնային Ղարաբաղում, ապացուցեն, որ Ադրբեջանը պատրաստ է ներդրումներ անելու եւ համոզելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ Ադրբեջանը կարող է երաշխավոր լինել իրենց անվտանգության: Գուցե դրանից հետո հանրաքվեի ժամանակ ղարաբաղցիները ցանկություն հայտնեն լինելու Ադրբեջանի կազմում: Եթե մի օր հրաշք պատահի եւ Լեռնային Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում»:

«Այս իշխանությունը Ղարաբաղն ավելի բարձր չի դասում, քան սեփական հաճույքը եւ զվարճությունը, եւ մանավանդ` առոթը», - գնահատում է «Հրապարակ»-ը: - «Այնպես որ հեշտությամբ կարող են եւ այն զիջել ինվեստիցիաների դիմաց, ինչը եւ առաջարկել է Սերժ Սարգսյանը Ալիեւին: Նման անձանց մոտ ամեն ինչ չափվում է փողով եւ իրենց հարմարությամբ, մնացածը փոխանակելի է, սակարկելի է եւ վաճառքի ենթակա»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանի` Ղարաբաղի վերաբերյալ վերջին էկզոտիկ հայտարարությունների համար ըստ էության բոլորս ենք մեղավոր, որովհետեւ թույլ ենք տվել, որ փողով գնեն մեր ձայները եւ «ըմբռնումով» ենք մոտեցել մի քանի կոպեկով ծախված մտավորականներին ու «հաճախորդներին»»:

«Թեպետ Անկախության տոնի առթիվ նախագահի հրամանագիր չեղավ, բայց Զարուհի Փոստանջյանի տեղեկացմամբ, օրենքն այս առումով արգելք չի դնում: Այսինքն` տեսականորեն դա հնարավոր է յուրաքանչյուր պահի, ուստի «ժառանգություն» խմբակցության պատգամավորը դիմում է Սերժ Սարգսյանին», - գրում է «Հրապարակ»-ը` մեջբերելով պատգամավորի խոսքերը. - «Հորդորում ենք լինել խելացի, սթափ մտածել, հետ քաշվել ծայրահեղականությունից, հորդորում ենք լինել հումանիստ եւ օգտագործել Սահմանադրությամբ ձեզ ամրագրված լծակները»:

«Հայաստանի անկախության 17-րդ տարեդարձը ՀՀ առաջին եւ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է իր համակիրների հետ Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում», - փոխանցում է «Առավոտ»-ը:- «Նրան, ինչպես միշտ, դիմավորել են «Լեւոն, նախագահ» վանկարկումներով»: Թերթը նաեւ մեջբերում է Տեր-Պետրոսյանի խոսքերը. - «Այստեղ հավաքված է այն սերունդը, որը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կազմակերպել է հանրաքվե եւ 100 տոկոսով կողմ է քվեարկել անկախությանը: Բայց սա ընդամենը մեր կես նվաճումն է, որովհետեւ մեր հիմնական նվաճումը դեռեւս առջեւում է: Անկախությունը երկրորդական է` եթե այն չի բերում ազատության, անկախությունը ազատության հասնելու միջոց է: Հիմա մեզ մնում է կատարել մեր ազգային ծրագրի երկրորդ մասը` նվաճել մեր ժողովրդի վերջնական ազատությունը»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Անհասկանալի է, չէ՞ որ մեկ տարի առաջ նույն օրը՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀՇ առաջնորդ Տեր-Պետրոսյանն իր երկրորդ հայտնությամբ, այնուհետ «համաժողովրդական» շարժման առաջնորդի դերն ստանձնելով, ամբողջ մեկ տարի ծավալած իր ազատագրական պայքարի միջոցով փորձեց ինչ-որ չափով «ռեաբիլիտացնել» թե՛ իրեն, թե՛ հհշականներին։ Եվ թվում էր, թե այս տարի սրանք Անկախության օրը կնշեն «բացճակատ»՝ հրապարակային ակցիայի ձեւով, «ժողովրդի» հետ, քանզի պնդում են, թե նրա 90 տոկոսը իրենց հետ է... Մինչդեռ պարզում է, որ ՀՀՇ-ի առաջներդը եւ մերձավոր շրջապատը այս անգամ դարձյալ փակվելով աշխարհից, օրը նշել են ինչ-որ մի դահլիճում»:

«Անցած 17 տարիների ընթացքում Հայաստանում աճել եւ մեծացել է նոր սերունդ, որը վաղ թե ուշ փոխարինելու է կարծրատիպերով գործող ներկա քաղաքական գործիչներին, որոնք ոչ միայն ապագա չունեն, այլեւ չեն կարող այլընտրանք առաջարկել ուրիշներին», - գրում է «Ազգ»-ը:

«Հայք»-ը մի շարք հարցեր է ուղղում Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին. «Նաիրի Հունանյանն իր ցուցմունքներում նշում էր, որ իր մտադրությունների մասին տեղյակ էր պահել կուսակցությունների ղեկավարներին. դուք` որպես «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, տեղյակ եղե՞լ եք ոճրագործի մտադրություններին, եւ ինչո՞ւ «Օրինաց երկիր»-ը չէր մասնակցում հոկտեմբերի 27-ի նիստին», «2004 թվականի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Ազգային ժողովի բակը լցված էր հատուկ ջոկատայիններով, անցագրային բյուրոյից դուրս եկան հարյուրավոր կարմիր բերետավորներ եւ ջարդ կազմակերպեցին ժողովրդի նկատմամբ: Դուք` որպես Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ, պատասխանատվություն զգո՞ւմ եք այդ դեպքերի համար, եթե այո` ապա ի՞նչ չափով», «Նախագահի 2008 թվականի ընտրությունների ժամանակ խիստ քննադատության էիք ենթարկում իշխանություններին, անգամ մեղարդրում էիք ձեր դեմ կազմակերպվող մահափորձի մեջ: Փետրվարի 29-ին հայտարարվեց, որ «Օրինաց երկիր»-ը դառնում է կոալիցիայի անդամ, իսկ ձեզ նշանակում են Անվտանգության խորհրդի քարտուղար: Հաջորդ օրը տեղի ունեցավ մարտի 1-ի սպանդը: Դուք որեւէ դերակատարություն ունե՞ք սպանդի նախապատրաստման ու իրականացման գործում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG