Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ցանկացած հանրաքվե միայն մի արդյունք կունենա` ղարաբաղցիները չեն ցանկանա լինել Ադրբեջանի կազմում»


«Համոզված եմ, որ գոնե մոտ ժամանակներս, ինչ էլ լինի, ցանկացած հանրաքվե միայն մի արդյունք կունենա` ղարաբաղցիները չեն ցանկանա լինել Ադրբեջանի կազմում», - ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթավերջին մի խումբ միջազգային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցները երեկ տարածել էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նշված հարցազրույցից մի հատված, մասնավորապես BBC գործակալության ադրբեջանական ծառայության թղթակցի հարցերի պատասխանից մի հատված, որտեղ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Սերժ Սարգսյանն իբր ասել է. - «Առաջարկել եմ Ադրբեջանի նախագահին պարոն Ալիեւին, որպեսզի նա փորձի այս ժամանակաշրջանում ներդրումներ կատարել Ղարաբաղում, ցույց տալ ղարաբաղցիներին, որ ադրբեջանցիները խիստ շահագրգռված են Ղարաբաղի բարեկեցիկ եւ անվտանգ կյանքով, ապագայով, որից հետո միգուցե հանրաքվեի ժամանակ ղարաբաղցիները կցանկանան ապրել Ադրբեջանի կազմում»:

Հանրապետության նախագահի խոսնակ Սամվել Ֆարմանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հարցազրույցից մեջբերված հատվածը կոնտեքստից դուրս է` ասելով, որ նախագահի խոսքը ճշգրտորեն փոխանցել է «Մեդիամաքս» գործակալությունը, որի թղթակիցը նույնպես ներկա է եղել ասուլիսին:

Ըստ «Մեդիամաքս»-ի, Սերժ Սարգսյանն ասել է. - «Պետք է ընդունվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:

BBC-ի թղթակցի հարցին, թե որն է փոխզիջումների սահմանը [ընդհանուր հայտարարի գալու առումով], որն է այն կարմին գիծը, որից այն կողմ Հայաստանը երբեք չի անցնի, եւ ընդհանրապես Հայաստանը պատկերացնում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում` ֆեդերատիվ պետության կամ որեւ է այլ ձեւով, Սերժ Սարգսյանը պատասխանել է. - «Մենք այդ գծի մասին հայտարարել ենք շատ վաղուց` առնվազն 14 տարի առաջ, երբ զինադադար էինք կնքում եւ եւս մի քանի անգամ դրանից հետո: Այդ գիծն այն է, որ պետք է ընդունվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այսինքն, խնդիրը կայանում է հետեւյալում. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հազարավոր տարիներ ապրել է այս տարածքում եւ հիմա պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հնարավորություն ունենա շարունակելու իր անվտանգ գոյությունը այդ տարածքի վրա: Այն ժամանակաշրջանը, իսկ դա խորհրդային ժամանակաշրջանն էր, երբ Ղարաբաղը գտնվել է Ադրբեջանի կազմում, ցույց է տվել, որ անհնար է Լեռնային Ղարաբաղի անվտանգ գոյակցությունը Ադրբեջանի կազմում: Ինչ վերաբերում է տեսական տարբերակին` կարո՞ղ է ինչ-որ կերպ Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում կամ ոչ, ես կարող եմ պատասխանել, որ դա կարելի է որոշել հանրաքվեի միջոցով` հարցնել ղարաբաղցիների կարծիքը: Բայց ես համոզված եմ, որ գոնե մոտ ժամանակներս, ինչ էլ լինի, ցանկացած հանրաքվե միայն մի արդյունք կունենա` ղարաբաղցիները չեն ցանկանա լինել Ադրբեջանի կազմում: Ես ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որ եթե ադրբեջանցիները ցանկանում են ցույց տալ, որ լրջորեն հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի անվտանգ կյանքի ու ապագայի հարցերում, թող ներդրումներ կատարեն, լուրջ ներդրումներ կատարեն Լեռնային Ղարաբաղում, ապացուցեն, որ Ադրբեջանը պատրաստ է ներդրումներ անելու եւ համոզելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ Ադրբեջանը կարող է երաշխավոր լինել իրենց անվտանգությանը: Գուցե դրանից հետո հանրաքվեի ժամանակ ղարաբաղցիները ցանկություն հայտնեն մնալու Ադրբեջանի կազմում: Եթե մի օր հրաշք պատահի եւ Լեռնային Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, շատ կարճ ժամանակ անց այնտեղ ոչ մի հայ չի մնա»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG