Մատչելիության հղումներ

Մարի Յովանովիչը հանձնել է իր հավատարմագրերը նախագահ Սերժ Սարգսյանին


Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել ամերկյան կառավարությանն` անկախությունից ի վեր մեր երկրին ցուցաբերած հետեւողական օժանդակության համար: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաեւ Միացյալ Նահանգների` որպես համանախագահ երկրներից մեկի, դերը ղարաբաղան հակամարտության կարգավորման գործընթացում:

Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի շնորհավորական ուղերձը` Հայաստանի անկախության տոնի առթիվ:

Ընդգծելով Միացյալ Նահանգները պատրաստակամությունն` աջակցելու Հայաստանի առաջընթացին դեպի ժողովրդավարություն ու շուկայական տնտեսություն, դիվանագետն ասել է, որ կձեռնարկի առավելագույնը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման համար:

Մարի Յովանովիչը Միացյալ Նահանգների կառավարության անունից ողջունել է Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու նախագահ Սարգսյանի համարձակ նախաձեռնությունը, եւ նշել, որ այն շրջադարձային նշանակություն ունի տարածաշրջանի համար եւ կխթանի խաղաղության ու կայունության հաստատմանը:

2006 թվականին դեսպան Ջոն Էվանսին հետ կանչելուց ի վեր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի լիազորությունները կատարում էին ժամանակավոր հավատարմատարները:

Ամերիկահայ շրջանակների եւ ամերիկացի մի շարք քաղաքական գործիչների համոզմամբ` Էվանսը պաշտոնանկ է արվել Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG