Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման շնորհավորում է Հայաստանի Անկախության տոնը


Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բարաք Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ, որում իր ամենաջերմ եւ լավագույն մաղթանքներն է հղում հայ ժողովրդին եւ Հայաստանի բարեկամներին:

Ուղերձում, որը տրամադրել են Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Իր երկար պատմության ամբողջ ընթացքում հայ ժողովրդին բնութագրում է անկախության, ինքնուրույնության եւ գոյատեւման ոգին: Դարեր շարունակ ապրելով պարսից, ռուսական եւ թուրքական կայսրություններում, հայերը իրենց ժամանակակից անկախությանը հասել են նախ 1918 թվականին, ապա վերստին ձեռք են բերել այն խորհրդային կարգերի 70 տարիներից հետո` 1991 թվականին: Նրանց պայքարը շարունակվում է, իսկ նոր անկախության տարիներին նրանք կարողացել են ուղղորդել սեփական ճակատագիրը պատերազմի եւ տնտեսական դժվարությունների միջով: Նույնիսկ ցեղասպանությանը դեմ հանդիման` անցյալը չհաղթեց հայերին ոչ Հայաստանում եւ ոչ էլ սփյուռքում»:

«Հայ ժողովրդի եռանդը եւ տաղանդները վիթխարի օգուտ են բերել Ամերիկային: Հսկայական է ամերիկահայերի նպաստը ամերիկյան կյանքում` մեր արվեստում եւ գիտությունում, բիզնեսում եւ քաղաքականությունում», - վստահեցնում է Օբաման:

Իլինոյսը ներկայացնող սենատորը անդրադառնում է նաեւ Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին` մասնավորապես, գրելով. - «Հակամարտությունը Վրաստանում ցույց է տալիս թաքնված վտանգը, երբ աճող լարվածությունը անտեսվում է, եւ Միացյալ Նահանգները առաջնորդվում է անտեսման դիվանագիտական ռազմավարությամբ»:

Միաժամանակ, Օբաման հուսադրող է համարում վերջերս տեղի ունեցած մեկ այլ իրադարձություն` երկխոսություն սկսելու ուղղությամբ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների ձեռնարկած քայլը: Նման երկխոսությունը, ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի համոզմամբ, կարող է հանգեցնել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման եւ «Հայաստանին ընձեռել առեւտրի, տրանսպորտի եւ էներգակիրների մատակարարման ավելի դիվերսիֆիկացված հնարավորություններ»:

«Ամերիկյան քաղաքականությունը պետք է հիմնվի այդ քայլի վրա` երաշխավորելու համար Հայաստանին ոչ միայն անկախության, այլեւ Միացյալ Նահանգների եւ նրա այլ դաշնակիցների հետ գործընկերության եւ համագործակցության ապագա», - համոզված է Բարաք Օբաման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG