Մատչելիության հղումներ

logo-print
Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության օրը, բացվեց երկրի պաշտպանության նախարարության նոր շենքը: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ:

«Այսօր մեզ համար կրկնակի տոն է, քանզի Հայաստանի Հանրապետության Անկախության օրը բացվում է պաշտպանության նախարարության նորակառույց շենքը: Այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները զորքերի ղեկավարումը ժամանակակից տեխնոլոգիաներով իրականացնելու համար, եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ստորաբաժանումների կենտրոնացումը մեկ շինության մեջ խորհրդանշում է նաեւ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ինտեգրված ղեկավարման համակարգը», - ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա ներկայացրեց բանակում իրականացվող փոփոխությունների պատկերը` նշելով. - «Բանակաշինությունը երբեք ավարտուն չի կարող լինել, եւ ժամանակի յուրաքանչյուր փուլ նոր հրամայականներ է առաջադրում: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի որոշմամբ ներկայումս լուրջ բարեփոխումներ են իրականացվում պետության ռազմական կառույցում: Բարեփոխումների արդյունքում մենք կունենանք է’լ ավելի հզոր եւ կատարելագործված բանակ, որն ընդունակ կլինի չեզոքացնել Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախին սպառնացող ցանկացած ագրեսիա»:

«Մեր հետագա արդյունավետ աշխատանքով ապացուցելու ենք, որ արժանի ենք պետության այսպիսի հոգատարությանը», - վստահեցրեց պաշտպանության նախարարը:

Կարմիր ժապավենը կտրեցին Սեյրան Օհանյանը եւ ժամկետային զինծառայող, շարքային Իսոյանը:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, մասնավորապես, ասաց. - «Գեղեցիկ եւ փառաշուք այս կառույցը, որը իր հնարավորություններով, արդի սարքավորումներով լիովին ծառայելու է մեր բանակի առավել հզորացմանը, մեր Հայրենիքի` Հայաստանի եւ Արցախի պաշտպանությանը, նույնպես վկայություն է մեր երկրի առաջընթացի»:

«Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում այս վեհատես կառույցը բարձրացրած ճարտարապետներին ու շինարարներին», - ասաց Վեհափառը:

Ելույթներից հետո բարձրաստիճան հյուրերը շրջեցին նորակառույց շենքում: Արարողությունը եզրափակվեց պատվոպահակային վաշտի զորահանդեսով:

Պաշտպանության նախարարության նոր շենքին հատկացված է 26 հեկտար տարածք, շինարարության համար ծախսվել է 16 մլրդ դրամ կամ ավելի քան 53 միլիոն դոլար:


Անուշ Մարտիրոսյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG