Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետին մեղադրում են մամուլի ազատությունը սահմանափակելու մեջ


Թուրքիայում մի շարք լրագրողներ եւ լրատվամիջոցներ բողոքում են վարչապետ Ռեջեփ Էրդողանի գործողությունների դեմ` պնդելով, թե նա փորձում է սահմանափակել մամուլի ազատությունը եւ խոչընդոտում է ժողովրդավարության զարգացմանը: Լրագրողների ասոցիացիայի նախագահ Ահմեդ Աքբայը, մասնավորապես, հայտարարել է, թե «ամաչում է, որ Թուրքիան նման վարչապետ ունի»:

Lրագրողների վրդովմունքի առիթը անցած հինգշաբթի օրը Էրդողանի ունեցած ելույթն է, երբ նա իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորներին կոչ արեց արշավ սկսել մի շարք լրատվամիջոցների դեմ` հիմնավորելով, որ դրանք վստահելի չեն եւ «լրիվ կորցրել են իրենց»:

«Դրանք հրապարակում են ճշմարտությանը չհամապատասխանող հոդվածներ եւ պատասխանատվություն չեն կրում իրենց գրածի համար: Դուք ինքներդ` որպես կուսակցականներ, պետք է արշավ սկսեք դրանց դեմ. մի’ գնեք այդ թերթերը եւ մի’ տարեք տուն», - հայտարարել էր վարչապետը:

Էրդողանի հայտարարությունը հետեւեց թուրքական հեղինակավոր «Հուրիեթ» պարբերականում մի հոդվածաշարի հրապարակմանը, որի հեղինակը իշխող կուսակցությունից մի շարք պաշտոնյաների մեղադրել էր կաշառակերության եւ խարդախությունների մեջ: Ըստ այդ հրապարակումների` պաշտոնյաները յուրացրել եւ անձնական նպատակներով օգտագործել են սոցիալապես անապահովներին օգնելու համար ստեղծված հիմնադրամի` միլիոնավոր դոլարների հասնող գումարները:

Թեեւ վարչապետը իր ելույթում չէր մատնանշել կոնկրետ լրատվամիջոց, այնուհանդերձ, թուրքական մամուլը հակված է ենթադրելու, որ նա նկատի է ունեցել «Դողան» մեդիախմբին պատկանող լրատվամիջոցները. «Ֆորբս» հանդեսի տվյալներով` նավթային խոշոր մագնատ Այդին Դողանի հիմնադրած այս մեդիախմբին պատկանող լրատվամիջոցների թվում են «Դողան» լրատվական գործակալությունը, «Հուրիեթ», «Միլիեթ» օրաթերթերը, «ՍիԷնԷն Թյուրք», «Սթար», «Չէնըլ Դի» հեռուստաալիքները: Վերջին շրջանում դրանց հեղինակությունը աճել է` նաեւ իշխող կուսակցության հետ կապված կոռուպցիոն սկանդալների լուսաբանման պատճառով:

Ըստ թուրքական մամուլի` «Դողան» մեդիախմբի եւ Ռեջեփ Էրդողանի հարաբերությունների վատթարացումից հետո «Հուրիեթ»-ի տպաքանակը ավելացել է եւս 500 հազար օրինակով:

«Հուրիեթ»-ի փոխանցմամբ, թուրքական լրատվամիջոցների վրա գործադրվող քաղաքական ճնշումների հարցը այս շաբաթ կքննարկվի Եվրախորհրդարանում եւ կընդգրկվի Եվրամիությանը անդամակցության ճանապարհին Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ 2008 թվականի զեկույցում, որը հրապարակվելու է նոյեմբերի 5-ին:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG