Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին ՄԱԿ-ին կոչ է անելու սատարել Վրաստանին


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անցած շաբաթավերջին մեկնել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանին:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ` մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Վրաստանի նախագահը, մասնավորապես, ասել է. - «Մենք Գլխավոր ասամբլեայում խոսելու ենք ռուսական ագրեսիայի եւ էթնիկ զտումների մասին: Մենք հայցելու ենք միջազգային հանրության օգնությունը»:

Սահակաշվիլին ողջունել է հինգշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի արած հայտարարությունները, ըստ որոնց, մասնավորապես, Ռուսաստանը մեկուսացնում է ինքն իրեն` երկրի ներսում շրջադարձ կատարելով դեպի ավտորիտարիզմ, իսկ երկրից դուրս` դեպի ագրեսիա:

Վրաստանի նախագահը հայտարարել է նաեւ, թե Կովկասյան տարածաշրջանում կայունության ամրապնդման ակնկալիքներ ունի հայ - թուրքական հարաբերություններում վերջերս տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո: «Մենք ողջունում ենք մերձեցումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որը նպաստում է տարածաշրջանային անվտանգությանը եւ համագործակցությանը», - ասել է Սահակաշվիլին` անդրադառնալով սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Երեւան կատարած այցին:

Վրաստանի արտգործնախարարության խոսնակ Նատո Չիկովանին, իր հերթին, հայտնել է, որ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, կայանալու է ՎՈւԱՄ-ի երկրների արտգործնախարարների հանդիպումը: Կազմակերպությանը անդամակցող Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի արտգործնախարարները հանդիպելու են նաեւ ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG