Մատչելիության հղումներ

logo-print

Մարի Յովանովիչը իր hավատարմագրերի պատճենն է հանձնել Էդվարդ Նալբանդյանին


Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը այսօր իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը եւ հետամուտ է լինելու երկու երկրների բարեկամական գործընկերության եւ համագործակցության ամրապնդմանը:

Նալբանդյանն ու Յովանովիչն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումներին: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի գործող ձեւաչափ է, որն ապացուցել է իր կենսունակությունը եւ վայելում է միջազգային հանրության աջակցությունը: Նա ընդգծել է, որ Մինսկի խմբի ձեւաչափով եւ մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող բանակցությունները կարող են բերել հիմնախնդրի հանգուցալուծմանը:

Տարածաշրջանում վերջին իրադարձությունների կապակցությամբ նախարարը նշել է, որ Հայաստանը միշտ կողմնակից է եղել եւ շարունակում է համոզված մնալ, որ հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհը անհեռանկար է:

Ներկայացնելով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ: Նալբանդյանի բնորոշմամբ` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը իր թուրք գործընկերոջը եւ վերջինիս այցը Հայաստան պատմական հնարավորություն ընձեռեցին հարաբերությունների կարգավորման համար:

ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը հավաստիացրել է, որ կձեռնարկի առավելագույնը հայ - ամերիկյան հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման նպատակով:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` Մարի Յովանովիչը իր հավատարմագրերը նախագահ Սերժ Սարգսյանին կհանձնի երկուշաբթի օրը:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG